«Գյուղում չենք կարող մեր արտադրանքի այս տեսականին իրացնել, որովհետև շատերն են գյուղատնտեսությամբ զբաղվում ու նույն արտադրանքն ունեն: Այս տոնավաճառը շատ հարմար է և՛ առևտրի , և՛ շփման առումով․ մեր շփման շրջանակը մեծանում է»,-ասում է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքից Երևան հասած Արմինեն, որն իր հետ բերել էր մրգի, բանջարեղենի, ընդեղենի տեսականի: Նա արդեն երկրորդ տարին է, ինչ «Հրազդան» մարզադաշտի մոտ գտնվող գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառում է իրացնում իր արտադրանքը:
«Բանջարեղենի սորտեր ունենք, որոնք արդեն վերջացել են, և պահանջարկն էլ մեծ է: Այստեղ հաճախորդի հետ հարմարվում ենք, նախ հյուրասիրում ենք, հետո գինն ենք իջեցնում: Այնպես ենք անում, որ հաճախորդն զգա իրեն այնպես, ինչպես մեր այգում կզգար ու գոհ մնա»,-նշում է նա ու շեշտում, որ շուկան միայն շաբաթ և կիրակի օրերին է գործում, բայց իրենք պատրաստ են աշխատանքային օրերին էլ իրենց ապրանքը բերել վաճառելու, եթե նման հնարավորություն լինի:
Գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառի կազմակերպիչ Հայկ Բաղդասարյանը տեղեկացնում է, որ տոնավաճառը «Հրազդան» մարզադաշտի մոտ գործում է 2020 թվականից, իսկ նախկինում գործել է նախկին Կասյան (ներկայում` Վազգեն Ա Վեհափառի) փողոցին հարող հրապարակում, որն ավելի ընդարձակ էր։
«Այս տոնավաճառում սկզբնական ժամանակաշրջանում 30–40 մասնակից կար, իսկ այժմ յուրաքանչյուր շաբաթ-կիրակի մասնակցում է շուրջ 100 ֆերմեր: Տարվա կտրվածքով 600–700 ֆերմեր կարողանում է օգտվել տոնավաճառից: Նրանք տարբեր մարզերից են գալիս` Արարատից, Արմավիրից, Արագածոտնից, Տավուշից, Լոռիից, Սյունիքից և այլն»,-ասում է Հայկ Բաղդասարյանն ու հավելում, որ փորձում են տոնավաճառում բացառել վերավաճառողներին. «Բոլոր ֆերմերներն իրենց համայնքներից տեղեկանքներ են բերում` հողատարածքի մակերեսի ու աճեցրած մշակաբույսերի վերաբերյալ: Իսկ տոնավաճառի տաղավարները նրանց տրվում են անձը հաստատող փաստաթղթերի առկայության պարագայում»։
Գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառում կազմակերպչական ծախսերի, տաղավարների տեղադրման և մաքրման համար, ըստ Հայկ Բաղդասարյանի, ֆերմերները վճարում են օրական 1000 դրամ: Ֆերմերներին կազմակերպիչները նաև իրազեկում են մեծածախ առևտրի և սուպերմարկետների գների մասին, որպեսզի նրանք իրենց գնային քաղաքականության մեջ ճիշտ կողմնորոշվեն. «Այս տոնավաճառում ֆիքսված գին չկա, գնորդները կարողանում են սակարկել: Նույն ապրանքը տարբեր ֆերմերների մոտ կա, եթե մեկը մի քիչ թանկ ասի, մյուսից կգնեն»:
Հայկ Բաղդասարյանը, անդրադառնալով տոնավաճառը նաև Երևանի այլ վարչական շրջաններում կազմակերպելու հարցին, հիշատակեց, որ Ավան վարչական շրջանում 2022թ գործել է գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, սակայն տվյալ տարածքը ներկայում չեն կարող օգտագործել` սանհանգույց չլինելու պատճառով: Նա նաև հավելեց, որ պահանջարկը մեծանալու պարագայում Երևանի քաղաքապետարանը և Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն են հայտնել աջակցելու:
Տավուշի մարզի Պառավաքար գյուղից ժամանած Համազասպը, որն արդեն շուրջ 5 տարի ամեն շաբաթ-կիրակի իր բերքն է հասցնում մայրաքաղաք` վաճառելու, ընդգծում է` գյուղացու ապրանքի համը շատ լավն է. «Ես, օրինակ, իմ ապրանքն առանց բուժանյութերի եմ մշակում: Տարբեր ապրանքներ ունեմ, օրինակ, խաղողը շատ է, հանձնում ենք գործարաններին: Իսկ մյուս ապրանքները, եթե էս շուկան էլ չլիներ, ի՞նչ պիտի անեի. ամեն շաբաթ-կիրակի ուրիշ տեղ չկա, որ տանեմ ծախեմ։ Բերում եմ ստեղ նորմալ գնով, ժողովրդի հետ հարմարվելով ծախում եմ»,-ասում է նա` հավելելով, որ աշխատանքային օրերին էլ իր արտադրանքը տարբեր ապրանքների հետ է փոխանակում, օրինակ, ցորենի, կարտոֆիլի:
Աշտարակի Ուշի գյուղի բնակիչն էլ, որը չցանկացավ ներկայանալ` նշեց, որ ցանկալի կլիներ տոնավաճառը բնակելի տարածքներին հնարավորինս մոտ լիներ, որ կարողանային շատ ապրանք վաճառել: Նրա խոսքով` չվաճառված ապրանքը ձմեռում` պահեստավորում են, որից հետո մեծածախ առևտրի տոնավաճառ տանում:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ազգային ծրագրի կոորդինատոր Լուսինե Թադևոսյանի խոսքով` պարենային համակարգերի փոփոխման ծրագրի երկրորդ փուլի շրջանակում իրականացվում է շուկայի արդիականացում․ «Ծրագրի շրջանակում արդիականացրել ենք շուկան և աշխատելու ենք ֆերմերների ու սպառողների հետ։ Ներդնելու ենք շրջանաձև տնտեսության մեթոդը, որովհետև մենք հասկացանք, որ այս շուկայում կան բավականին սննդային թափոններ: Սննդային թափոնները հավաքվելու են, ֆերմերները կոմպոստացնելու են դրանք, և օգտագործեն իրենց ֆերմաներում որպես բիոպարարտանյութ»։
Գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառում նախատեսվում է նաև ֆերմերների նույնականացման նոր համակարգ ներդնել․ «Ֆերմերները կնույնականացվեն, գնորդներին հասանելի կլինեն QR կոդեր, որոնք սկանավորելով կտեսնեն, թե որտեղ, ինչ և ինչ ձևով է արտադրում տվյալ ֆերմերը: Այսպիսով` գնորդները կճանաչեն իրենց արտադրողին»,-հավելեց Լուսինե Թադևոսյանը:
Տոնավաճառի կազմակերպիչներն ընդգծում են` գնորդներից շատերն են կարևորում այն մոտեցումը, որ իրենց վճարած գումարը միանգամից հասնում է ֆերմերին:
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: