Քննարկվել են ՔԿՀ-ներում պահվող Իրանի քաղաքացիների իրավունքների իրացմանն առնչվող հարցեր
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ԻԻՀ քաղաքացիների իրավունքների իրացմանը, պահման պայմաններին, ազատ արձակման գործընթացների կազմակերպմանն առնչվող հարցերը։
Քրեակատարողական ծառայության պետն ընդգծել է, որ իր ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են իրանցի ազատազրկված անձանց խնդիրներն ու կարիքները՝ նշելով, որ նրանց համար կազմվել է առանձին ճաշացանկ՝ հաշվի առնելով ազգային և կրոնական առանձնահատկությունները, ձեռք են բերվել թարգմանչական սարքեր անմիջական հաղորդակցությունն առավել դյուրին դարձնելու նպատակով։
Ծովինար Թադևոսյանը նաև նշել է, որ Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ որոշ քրեակատարողական հիմնարկներում իրանցի ազատազրկված անձանց հետ աշխատանքներում ներգրավվել է պարսկերենի իմացությամբ հոգեբան՝ հոգեբանական և կենցաղային հարցերում աջակցություն ցուցաբերելու համար։ Նշվել է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։
Փոխդեսպանը բարձր է գնահատել ազատազրկված անձանց արտահանձնման գործընթացի կազմակերպումը, ինչպես նաև նրանց պատժի կրման պայմանների, հաղորդակցության, արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման բարելավմանն ուղղված աշխատանքները։
Հանդիպումն ավարտվել է ոլորտային համագործակցության ընդլայնման և քննարկված հարցերի շուրջ հետագա աշխատանքները շարունակելու պատրաստակամությամբ։