ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը չափազանց ռիսկային որոշում է, որը հակասում է Ռուսաստանի Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցությունների սեղանի շուրջ նստելուն հարկադրելուն ուղղված միջազգային ջանքերին. այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
«Այս որոշման արդյունքն անորոշ է, մինչդեռ ռիսկերն ակնհայտ են։ Այն օրինականացնում է Մոսկվայի գործողությունները՝ այն պահին, երբ նրա ռումբերը շարունակում են ընկնել ուկրաինական քաղաքների վրա, նոր եկամուտներ է ապահովում պատերազմը ֆինանսավորելու համար և անուղղակիորեն խաթարում պատժամիջոցների արդյունավետությունը»,- ասել է Մելոնին՝ ելույթ ունենալով Իտալիայի խորհրդարանում Եվրոպական միության գագաթնաժողովին ընդառաջ։
Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ 27 երկրները պետք է նշանակեն հեղինակավոր ներկայացուցչի, ով կբանակցի ամբողջ Եվրոպական միության անունից՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Նա նաև բարձրացրել է E3 խմբին (որի կազմում են Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան) պաշտոնական մանդատ տրամադրելու հնարավորության հարցը։
«Եթե Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը կարծում են, որ կարող են ավելի լավ արդյունքների հասնել ինքնուրույն, քան մենք՝ միասին, և քանի դեռ դա նրանց ընտրությունն է, ապա թող նրանք դա անեն գոնե բոլորի անունից և պաշտոնական մանդատով»,- ասել է Մելոնին։
Բացի այդ, Իտալիայի կառավարությանը ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ գագաթնաժողովը պետք է անդրադառնա ռուսական հիբրիդային հարձակումների ակտիվացման խնդրին։ Նա մատնանշել է այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերի ներխուժումները, կիբերհարձակումները, դիվերսիոն գործողությունները և այլ գաղտնի գործողություններ, որոնք ուղղված են Ուկրաինային ցուցաբերվող աջակցության թուլացմանը։
«Մենք պետք է պաշտպանենք մեր կենսական նշանակության ենթակառուցվածքները՝ էներգետիկ ցանցերը, ստորջրյա մալուխները, նավահանգիստները, օդանավակայանները և ստորջրյա տարածքը՝ մի ոլորտ, որտեղ Իտալիան ունի բացառիկ փորձառություն»,- ասել է նա։
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայնել է դիզելային վառելիք մատակարարել համաշխարհային շուկաներին։