«Զվարթնոցի» մաքսատանը հափշտակել են ի պահ տված 30 000 դոլարը. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Մոտ մեկ տարի առաջ Երևան ժամանած քաղաքացու մոտ հայտարարագրման ենթակա 30.000 դոլար գումար է հայտնաբերվել, որը քաղաքացին ստիպված է եղել ի պահ հանձնել մաքսային ծառայողներին:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. «Զվարթնոցի» մաքսատանը հափշտակել են 30.000 դոլար ի պահ տված գումարը։ Այդ մասին տեղեկացնում է MakaryanNews–ը։

Տելեգրամյան ալիքի տեղեկություններով` մոտ մեկ տարի առաջ Երևան ժամանած քաղաքացու մոտ հայտարարագրման ենթակա 30 000 դոլար գումար է հայտնաբերվել, որը քաղաքացին ստիպված է եղել ի պահ հանձնել մաքսային ծառայողներին, որպեսզի վերադառնալիս հետ վերցնի իր փողը:

«Մոտ մեկ շաբաթ առաջ «Զվարթնոց» մաքսատան նորանշանակ պետ Հայկ Մելքոնյանը ստուգել է ու պարզել, որ իրենց մոտ ի պահ թողնված 30 000 դոլարը կեղծ է` դոլարների կապոցների դիմացի ու հետևի 100 դոլարանոցները իրական են եղել, իսկ մնացածը` կեղծ: Այսինքն` ինչ-որ մեկը հափշտակել է իրական դոլարներն ու տեղը կեղծ թղթադրամներ դրել»,– գրել է MakaryanNews–ը:

Տելեգրամյան ալիքն այս տեղեկությունը ճշտել է մաքսային ծառայության հետ ուղիղ առնչություն ունեցող երեք տարբեր աղբյուրից, երեքն էլ հաստատել են, որ այդպիսի դեպք իսկապես եղել է: ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով փոխադրումների վարչության պետ Հայկ Մելքոնյանը (հենց նա է բացահայտել դեպքը) ոչ թե հերքել կամ հաստատել է տեղեկությունը, այլ հորդորել է դիմել ՊԵԿ լրատվական ծառայության որոշելու` այդ տեղեկությունը հրապարակման ենթակա է, թե ոչ:

Մելքոնյանը նաև ասել է` չի հիշում, թե կոնկրետ որ դեպքի մասին է, քանի որ հաճախակի են այդպիսի դեպքեր լինում իրենց մոտ:

ՊԵԿ լրատվականից MakaryanNews–ին խոստացել են ճշտել լուրը և պատասխանել:

Leave a comment