Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ քննարկել է հայկական երկաթուղիների զարգացման և կառավարման խնդիրները։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով:
Քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանի երկաթուղային համակարգի մրցունակության բարձրացումը, միջազգային տրանսպորտային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները և գործող կառավարման համակարգում առկա խնդիրները։
Անդրադարձ է կատարվել նաև Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ուղղությունների վերակառուցման ծրագրերին ու դրանց իրականացման արդյունքում առաջացող հնարավորություններին։
Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։ Այս առումով, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։
Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։
Հայկական երկաթուղիների ռուսական կառավարման հարցը վերջին ամիսներին բազմիցս հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում։
Ավելի վաղ Փաշինյանն առաջարկել է երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարման իրավունքը վաճառել երրորդ երկրի, որն ընդունելի կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Վարչապետի գնահատմամբ՝ Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում ռուսական կառավարման ներքո գործող ենթակառուցվածքների նկատմամբ ներդրողների և բեռնափոխադրող ընկերությունների հետաքրքրվածության վրա։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները 2008 թվականից կառավարվում են ռուսական ընկերության կողմից՝ կոնցեսիոն պայմանագրի հիման վրա։ Կառավարումն իրականացնում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։ Կոնցեսիոն համաձայնագիրը նախատեսված է 30 տարվա համար՝ հետագայում ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։