Ռուս-ամերիկյան վերջին խոշոր տնտեսական գործարքը մեզ համար հետևություններ անելու լավ առիթ է և պարտավորություն։ Այսպես է իր հերթական ուղերձը սկսել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ավելի վաղ ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն էինձեռք բերել Ռուսաստանից դիզվառելիքի մատակարարումների վերաբերյալ։ Թրամփիխոսքով` ԱՄՆ–ն շատ ուրախ է ռուսական դիզվառելիք ստանալու համար և ունի դրա կարիքը։ Կրեմլից էլ հայտնել էին, որ Ռուսաստանը հաստատել է նավթ և նավթամթերք ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարելու պատրաստակամությունը։
ԲՀԿ առաջնորդը կրկին ընդգծել է, որ երբեք չի կարելի հայտնվել խոշոր տերությունների շահերի բախման կենտրոնում։ Փոքր պետությունների համար դա միշտ ավարտվում է կորուստներով, իսկ երբեմն՝ ողբերգությամբ։
«ԱՄՆ–ի և Ռուսաստանի նախագահները պաշտպանում են իրենց պետությունների տնտեսական շահերը, հետևաբար՝ իրենց ժողովուրդների շահերը, իրենց քաղաքացիների բարեկեցությունը։ Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ. սա ես վերջին մեկ տարում ասել եմ բազմաթիվ անգամներ, երբ տեսնում էի, որ մեր տնտեսության համար արհեստականորեն խնդիրներ են ստեղծվում»,–հիշեցրել է Ծառուկյանը` նկատի ունենալով արտահանման սահմանափակումները։
Նա նշել է, որ մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են։
«Հաճելի և անիրական խոստումների դիմաց մենք կանգնեցինք լուրջ խնդրի առաջ, որը հարյուր հազարավոր մեր քաղաքացիների բարեկեցությանն է վերաբերում։ Ես լավ գիտեմ, թե ինչքան դժվար է շուկա գտնել և մնալ այդ շուկաներում։ Դրա համար տարիների դժվար ու համառ աշխատանք է պահանջվում։ Բայց շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում»,– գրել է նա։
Ծառուկյանը մոլորություն է համարել այն, որ ասում են` հենց Ռուսաստանի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտադրանքի, գյուղմթերքի արտահանումը։
«Վստահեցնում եմ` երբ այդ օրը գա, շատերը հայտնաբերելու են, որ իրենց տեղն արդեն զբաղեցրել են ուրիշները՝ այլ պետությունների արտադրանքով։ Ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, թե հատկապես ո´ր պետության։ Տնտեսական կյանքը երբեք կանգ չի առնում, և դիմացինի սխալներից միշտ ուրիշներն օգտվում են։ Որքան երկար տևի այս վիճակը, այնքան ավելի մեծ ծավալով ենք կորուստներ արձանագրելու»,–նշել է ԲՀԿ առաջնորդը։
Նրա խոսքով` անընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել։ Տնտեսությունը զարգանում է կառուցելով, ստեղծելով, ներդրումներ անելով։ Խլելու փորձերով, աշխատող հիմնարկները փակելով, կապարակնքելով, հազարավոր ընտանիքներ առանց աշխատանք ու առանց ապրուստի միջոց թողնելով՝ տնտեսություն չի զարգանում։
«Մենք ունենք թե´ Ռուսաստանի, թե´ ԱՄՆ-ի, թե´ Եվրոպայի, թե´ Չինաստանի, թե´ հարևանների ու շատ-շատերի հետ փոխշահավետ համագործակցության լավ հնարավորություններ։ Բայց կարող ենք նաև ինքներս մեզ դնել ծանր վիճակում»,–եզրափակել է Ծառուկյանը։