Իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հետ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատանքները «սատկել» են

«Երբ որ 2023 թվականի ապրիլի 29-ին տեղի ունեցավ համաժողով, որը վերնագրվել էր՝ «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան», այն ինքնին արդեն մի փոքր ձևական բնույթ էր գրում բովանդակային առումով։ Բայց բոլոր դեպքերում համաժողովի արդյունքում և համաժողովի ընթացքում առնվազն ես կոչ եմ արել, որպեսզի Հայաստանը ունենա մի պետական օղակ, որը պետք է իր անվան մեջ կրի հենց փախստական բառը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ փուլում են կարկառուն ՔՊ-ական, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հետ համատեղ հիմնած «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատանքները։

Մարիամ Ավագյան

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ Բաքուն առաջին անգամ 1989 թվականին հիմնադրել է «Ադրբեջանական ԽՍՀ պետական կոմիտե՝ իրենց բնակության վայրերը լքելուն ստիպված եղած անձանց հետ աշխատանքների գծով» կառույցը, իսկ 1992 թվականին ընդունված համապատասխան օրենքից հետո կառույցի անվանման մեջ պաշտոնապես ամրագրել է «փախստականներ» և «ներքին տեղահանված անձինք» տերմինները, կառույցը մինչ օրս պահպանում է այդ անունը՝ «Ադրբեջանի Հանրապետության փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցերով պետական կոմիտե»։ Իսկ մեզ մոտ 1992 թվականի մարտի 16-ին ստեղծվեց Փախստականների հարցերի կոմիտե, որը գրանցել է ավելի քան 361 000 հայ փախստականների, նրանց, ովքեր եկել ու գրանցվել են հենց այդ կոմիտեում, իսկ շուրջ 60 հազար փախստական Հայաստանում այդպես էլ չգրանցվեց, արագ դուրս եկավ երկրից։ Շուրջ 400 հազար էլ ուղղակի հետերկրաշարժյան Հայաստան չմտավ էլ։ Կոմիտեն 2005 թվականին արտաքին կառավարման պարտադրանքով վերակազմավորվեց Միգրացիոն գործակալության, «փախստական» բառը վերջնական հանվեց։ Այդ օրերին նաև ՀՀ իշխանություններից հատուկ հրահանգ իջավ ազատագրված տարածքներում հայության բնակեցման դեմ։

Այս մանրամասնումներով մեր զրուցակիցը նկատում է՝ մեզ մոտ փաստացի փախստական բառը չկա, կա միգրացիայի կոմիտե, իսկ միգրացիան փախստական եզրույթի հետ կապ չունի, դա սահմանում է ՄԱԿ-ը։

Ինչևէ, դառնալով կազմակերպության աշխատանքներին՝ Մարիամ Ավագյանը շարունակում է՝ մարզահամերգային համալիրում կայացած համաժողովից հետո ձևավորվեց «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն, և իրեն առաջարկվեց լինել համահիմնադիր․ «Այսինքն՝ դա մեր նախաձեռնությունը չէ, դա իշխանությունների կողմից էր․ Շիրվանի ներկայացուցիչ՝ Վիլեն Գաբրիելյան, Նախիջևանի ներկայացուցիչ՝ Լևոն Ստեփանյան, Գարդմանի ներկայացուցիչ՝ ես։ Ստեղծվեց։ Մի փոքր, այսպես, փորձում էին կառավարել մեր ասելիքը։ Իհարկե, անձամբ ես չեմ ենթարկվել։ Բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ այդ հասարակական կազմակերպությունը ինչ-որ քող է, որի տակ չգիտեմ ինչ է անելու։ Իրականում հասարակական կազմակերպությունը չգործեց։ Շատ արագ, ինչպես ստեղծվեց, այդպես էլ «սատկեց»։ Կոնկրետ իմ ներդրումը որևէ ձևով սահմանափակվեց։ Ես ակտիվ մարդ եմ, ես միշտ ձգտել եմ հանդիպումներ և երկխոսություններ իշխանությունների հետ։ Որևէ երկխոսություն չեղավ, և հատկապես Անվտանգության խորհրդի կազմից, անձնակազմի կողմից բառացիորեն տորպեդահարում էին, որ ես դադարեցնեմ որևէ տեսակի ակտիվություն այդ հասարակական կազմակերպության գործունեության հետ կապված»։

Կա՞ հասարակական կազմակերպությունը, ի՞նչ հաշվետվություն է տալիս, ինչի՞ մասին է տալիս և այլն, ըստ մեր զրուցակցի, որևէ ձևով ինքը տեղեկացված չէ, որպես համահիմնադիր, որևէ ժողովի չի մասնակցել։ Այսինքն՝ եթե այն կա, ուրեմն գործում է հասարակական կազմակերպությունների մասին օրենքի բոլոր կետերի խախտմամբ։

Մարիամ Ավագյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ իր այսօրվա ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե իր կարծիքով ի՞նչ տեսք պետք է ունենա Ադրբեջան-Հայաստան խաղաղությունը․ այն պետք է լինի այդ թվում նաև «առանց Ղարաբաղ, Գարդման-Շիրվան-Նախիջևան, Արևմտյան Ադրբեջան»։ Իր նախնական տպավորությամբ, որը ստացել է Ալիևի հետ վերջին կարճ հանդիպումից, Ալիևը համաձայն է դրան։

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ բազում անգամներ է ասել, որ Բաքվի կողմից առաջ քաշվող բառակապակցության ծրագիրը, նկատի ունի «Արևմտյան Ադրբեջանը», սպառնալիք է, ցեղասպանական գործիք է, որն այսօր էլ է գործում։ Ինքը նախ վստահ է, որ դա Բաքվի գաղափարը չի, այլ շատ լավ մասնագիտական, փորձագիտական դաշտի մշակված ցեղասպանական մոդել է՝ Հայաստանը ոչնչացնելու համար։ Եվ այդ ցեղասպանական մոդելը հիմա մեջտեղ է բերվել ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ իշխանավորի թվում է, թե դա ի հակակշիռ Գարդման-Շիրվան-Նախիջևանի են արել․ «Բոլոր տիպի ցեղասպանական գործողությունները, բոլոր տիպի ցեղասպանական իրողությունները, որ տեղ են գտել հայկական տարածքներում, որոնք ակամա հայտնվել են Բաքվի վերահսկողության ներքո, եղել են կանխորոշ մտածված և որևէ կապ չեն ունեցել հայ բնակչության վարքագծի, կեցվածքի հետ։ Եթե նույնիսկ վերջին տարիների դրվագը վերցնենք՝ 1980-ականների Խաչինսար, Ասկերան, Սումգայիթ և այլն․․․ ասելիքս այն է, որ անկախ նրանից՝ գլուխդ ինչպես կպահես՝ կմտցնես ավազի մեջ, կամ՝ ծնկաչոք ինչ դիրք կընդունես թուրքի առաջ, միևնույն է, չի բավարարվելու միայն բռնությամբ, նա սպանելու է, նա սպանելու է Հայաստանը։ Այսինքն՝ դա ցեղասպանության մոդել է և հաջորդ փուլն են շարունակելու մեր դեմ»։

Այս իրավիճակում Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները, որոնց ինքը համարում է միմյանց օրգանական շարունակություններ, Գարդման-Շիրվան, Նախիջևան-Արցախից հրաժարվելով ոչ միայն հրաժարվում են այդ տարածքներից, այլ սիներգիայի օրենքով ուժեղացնում են Իլհամ Ալիևի ցեղասպանական ծրագիրը․ «Հետ հաշվել չի կարելի։ Ես հակառակն եմ առաջարկում»։

Այսինքն՝ մեր զրուցակցի դիտարկմամբ, փաստացի ստացվում է, որ մեր քաղաքական վերնախավը հիմա էլ շարունակում է ինքնասփոփմամբ, ինքնաբավարարմամբ զբաղվել՝ չհասկանալով, որ ինքը պատասխանատու է երկրի անվտանգության և ժողովրդի անվտանգության համար․ «Այն խոսույթը, որ իբրև թե մենք հրաժարվենք մեր իրավունքներից խոսելով, դրանով մենք կասեցնելու ենք մեր դեմ ընթացող ցեղասպանությունը, կներեք, առնվազն դավաճանություն է, դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ և խիստ վտանգավոր թեզ է, որովհետև այդ թեզը նստում է նաև ժողովրդական շերտերի մեջ, այդ թեզը նստում է երիտասարդության մոտ, և վտանգավոր նախադեպ է ստեղծում, որպեսզի հայությունը առանց դիմադրելու մորթվի։ Սա ծանր երևույթ է։ Որևէ իշխանավոր առաջին հերթին իրավունք չունի Գարդմանի-Շիրվանի-Նախիջևանի Արցախի ժողովրդի անունից անհատական անձնային ինչ-որ խաղաղության թեզի տակ խաչ քաշել ցեղասպանված ժողովրդի իրավունքի վրա։ Այդ իշխանությունը առանց այդ էլ ունի մեծ հանցանք։ Երրորդ հանրապետության բոլոր իշխանավորները հանցավոր են Գարդման-Շիրվան-Նախիջևանի և Արցախի հայության առաջ, որ մինչ օրս մեր օրենսդիր մարմինը չի վերահաստատել, ինչպես Գարդման-Շիրվանի-Նախիջևանի ժողովուրդների ցեղասպանության փաստի մասին Երկրորդ Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը, և չի վերահաստատել, որ Արցախում եղավ ցեղասպանություն։ Սա դավադիր կեցվածք է հայ ժողովրդի նկատմամբ և չփորձեն իրենք դա հիմնավորել ինչ-որ խաղաղության հաստատման առումով։ Խաղաղություն չկա, այսօր էլ խաղաղություն չկա։

Այսօր էլ հայ մարդ վտանգված է հատկապես սահմանային գոտում, Երևանի մեջ, բանակում։ Այնպես որ, թող իշխանությունները ինքնաբավարարմամբ չզբաղվեն և մեզ էլ չստիպեն, որ մենք էլ ինքնաբավարարմամբ զբաղվենք։ Մենք դրանով չենք զբաղվել, չենք զբաղվելու»։

Մարիամ Ավագյանը կրկին բարձրաձայնում է՝ եթե Սումգայիթի փաստը Ռուսաստանի առաջնորդը օգտագործում է «Իլհամի ականջները քաշելու համար», եթե Արցախը ներխուժած թուրքը Սումգայիթի փաստը օգտագործում է Արցախցուն վախեցնելու և իր հողից պոկելու համար, ապա մենք Սումգայիթի փաստը պետք է օգտագործենք Իլհամի մշակած ցեղասպանական մոդելը զսպելու, կասեցնելու համար․ «Մենք պետք է ոտքի կանգնենք, մենք պետք է խոսենք մեր իրավունքների մասին, ընդ որում՝ բացահայտ, ոչ թե թղթային տարբերակով։ Մենք պետք է բարձրաձայնենք և՛ Սումգայիթի մասին, և՛ Հադրութի ու Շուշիի մասին, և՛ Ստեփանակերտի մասին, և՛ Շիրվանի ու Նախիջևանի մասին։ Ինչպես տեսնում եք, լռելուց մենք միայն վերանում ենք։ Թող ձեռք քաշեն, եթե իրենք բան հնարավորություն չունեն Իլհամի հետ լեզու գտնելու և իրենք տանում են հայ ժողովրդի վերացում, թող հետ քաշվեն և իմանան, որ դրա համար իրենք չեն ներվելու»։

COP-17-ի նախօրյակին Նիկոլ Փաշինյանի նման ուղիղ խոսքը ժողովրդին, Մարիամ Ավագյանի մոտ տպավորություն է ստեղծում, որ երկրի կառավարությունը COP-17-ի և նրա բովանդակության հետ առնչություն չունի․ «Այսինքն՝ տպավորություն կա, որ հայկական իշխանական շերտը գաղափար անգամ չունի Ռիո դե Ժանեյրոյի կոնվենցիաների բովանդակությունից, գաղափար չունի տեղաբնիկ ժողովուրդների 8J հոդվածի բովանդակությունից և պահանջներից։ Ես լավ չեմ հասկանում՝ ինչպես կարելի է COP-17-ի նախօրյակին մերժել COP-17-ի բովանդակային ողջ բնույթը, մերժել կենսաբազմազանության պահպանին՝ տեղաբնիկ ժողովրդի իրավունքները»։

Նա ուզում է հասկանալ՝ սա դիտավորությո՞ւն է, սրանով ՀՀ վարչապետը փորձում է շեշտել դրսի ուժերի առաջ, թե ինչքա՜ն վտանգված է Հայաստանը, այս ձևո՞վ է փորձում փրկել, թե՞ ընդհակառակը՝ ինքը արդեն դեռ COP-17 չսկսված փորձում է նրա բովանդակությունը ջնջել և հնարավորություն տալ մեզ բոլորիս մոտենալ COP-17-ին՝ որպես ձևական միջոցառում և արարողություն։ Նա ցանկանում է, որ վարչապետը նորից ուղիղ եթերով բացատրի՝ ինչո՞ւ է COP-17-ի նախօրյակին նման ելույթ ունենում, ի՞նչն է իրենց ստիպում, ովքե՞ր են ստիպում, ի՞նչ ուժային կենտրոններ, միգուցե ինքը մենա՞կ և մենք պարտավո՞ր ենք իր կողքին լինել, թող լինի անկեղծ, ուղիղ․ «COP-17-ի մեջ կա տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության խնդիրը, որպես կենսաբազմազանության պահպանի, այնպես որ, մենք պետք է այս գաղափարին տեր կանգնենք և դրանով էլ կասեցնենք Իլհամի մեր դեմ մշակված ցեղասպանական մոդելը»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment