Սահմանադրական դատարանի 9 անդամ հոկտեմբերի 14-ին իր կազմից նախագահ կընտրի: Օրվա երկրորդ կեսին՝ 16.00-ին, ծրագրված է աշխատակարգային նիստ, որի ընթացքում նախ կլինեն առաջադրումներ ու ինքնառաջադրումներ, ապա՝ տեղի կունենա գաղտնի քվեարկությունը, հայտնում է «Ազատությունը»:
Հոկտեմբերի 12-ին լրացել է ՍԴ-ի նախագահի պաշտոնում Արման Դիլանյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։ Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր ևս 4 տարի: Բայց նորից առաջադրվելու իրավունք չունի:
8 դատավորներից որևէ մեկը հստակ չի հայտարարել առաջադրման մասին: Կան տեղեկություններ, որ նախագահ է ուզում դառնալ նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, որը ՍԴ դատավոր է ընտրվել այս տարվա գարնանը: «Ազատության» հետ զրույցում առաջադրումը չի բացառել նաև այս պահին ՍԴ նախագահի լիազորությունները կատարող, փոխնախագահ Էդգար Շաթիրյանը:
Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի 6 դատավորների ձայներ, եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է 5 ձայնով:
Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ:
Բացառված չէ, որ առաջին փուլով նախագահ չընտրվելու դեպքում, ընտրության երկրորդ փուլը ևս տեղի ունենա հոկտեմբերի 14-ին: