ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժել է բազմաթիվ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,– նշեց Օրբելյանը։
Նրա խոսքով` Քոչարյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքում իրենք հիմնավորել են, որ որևէ հիմնավոր կասկած չկա, որովհետև մեղսագրվող արարքում խոսքն այնպիսի գործընթացների մասին, որտեղ նախագահին վերագրվող գործողությունը բացառապես իր սահմանադրական պատրականությունը կատարելն է եղել։
«Ասում են` նախագահը վավերացրել է կառավարության որոշումները, ձևակերպումներ են տալիս` անձնական շահագրգռվածություն է եղել։ Սահմանադրությամբ պարտականությունները կատարելու համար կա միայն մեկ դրդապատճառ` սահմանադրական պարտականությունները կատարելու պարտավորությունն է»,– ասաց Օրբելյանը։ Փաստաբանը նաև նշեց, որ Քոչարյանի նոր գործի վաղեմության ժամկետը լրացել է, 20 տարի առաջվա գործընթացներ են, այդ հիմքով բողոքարկելու են Վճռաբեկ դատարան։
Օրբելյանը նշեց, որ այժմ սպասում են` կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն լինելու է, թե ոչ, չնայած, ըստ իրենց, բոլոր կանոնների համաձայն՝ պետք է չլինի։
Նա նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ գործում ներառված է 60 քննիչ, այն դեպքում, որ ծավալը այնպիսին է, որ մաքսիմում 10 քննիչ կարող էր քննել։