«Միջազգային գործընկերների հետ մեր խմբակցության քննարկումների մի մեծ մասը վերաբերում է ՀՀ-ում տիրող իրավիճակին, ՀՀ-ում միահեծան բռնակալության հաստատման անթաքույց քայլերին։ Նիկոլ Փաշինյանը փաստացի դատական համակարգին շանտաժի է ենթարկում։ Սա չի կարող դիտվել որպես ժողովրդավարական ուղի բռնած երկրին վայել պահվածք։ Այն, ինչ կատարվում է նախագահ Քոչարյանի հետ, դրա դրսևորումներից է»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորում է կենտրոնանալ Սահմանադրության տեքստի, դրա ստորագրման և վավերացման վրա և հարցին՝ արդյոք Ադրբեջանի կողմից սկսվել է ավելի մեծ ճնշո՞ւմ գործադրվել ՀՀ իշխանությունների վրա նոր Սահմանադրություն ունենալու հետ կապված, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Առնվազն երկու ազդակ կա՝ մեկը Ալիևի այն հայտարարությունն էր, որ ոչ միայն նախկին իշխանությունները, այլև ներկաներն են պատասխանատու, նաև մյուսը, որ իրենց կողմից էր հնչում, որ բարձրացնում են 4500 անհետ կորածների տվյալների մասին հարցը․ 35 տարի առաջ, որ բախում է տեղի ունեցել, չգիտեմ՝ դա ինչպես է հնարավոր իրագործել, այդ տարածքները հիմա իրենց տիրապետության ներքո են։ Դա Ալիևի անմիջական հիշեցումն է, որ դու քո պատասխանատվությունն ունես, ու եթե չես ուզում, որ մենք այս թեման շարունակենք, ոնց ուզում ես, արա, բայց այն պարտավորությունը, որը դու ստանձնել ես, իրականացրու»։
Լրագրողները խնդրեցին անդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանի տարածած տեսաուղերձին, որում նշում է, թե ինչ տեսք է ունենալու, խաղաղությունն իր՝ Աշխաբադում Ալիևի հետ հանդիպումից հետո տպավորությամբ։ Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Չի ասում՝ ունեցել եմ, ստացել եմ համաձայնություն, թեկուզ և բանավոր պարտավորություն ենք ստանձնել, այլ ասում է՝ տպավորություն։ Ինքը սրա մասին 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո խոսում է, բայց ի՞նչ ունենք այսօր։ Ադրբեջանցի զինվորները ՀՀ տարածքում են, ըստ որոշ լուրերի՝ նույնիսկ շինարարական աշխատանքներ են կատարում, ավելի ամրացնում իրենց դիրքերն օկուպացված տարածքներում, Ադրբեջանը շարունակում է ցինիկ կերպով միջամտել ՀՀ ներքին գործերին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը՝ սպառնալով ընդդիմությանը, ադրբեջանցի զինվորը ՀՀ մտնելով ծանր հանցագործություն է գործել, գործադիր ու օրենսդիր մարմինները դարձել էին նրա փաստաբանը։ Ասում է՝ ԹՐԻՓՓ-ը խաղաղություն է, եվրադիտորդները խաղաղություն են, բա եթե խաղաղություն կա, ո՞նց է ասում՝ Տիգրանաշենն ասեմ Քյարքի, որ ներվը հանեմ։ Եթե խաղաղություն է, ի՞նչ ներվի մասին է։ Սա ուղղակի խախուտ հրադադար է»։
Հարցին՝ նույն չափով տարածքների փոխանակում Նիկոլ Փաշինյանն ի՞նչ նկատի ունի, հնարավո՞ր է Ջերմուկի՝ օկուպացված տարածքը մնա իրենց, Տիգրանաշենը՝ մեզ, Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Ջերմուկում օկուպացված է 200 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ ո՞վ ասաց, որ Տիգրանաշենը օկուպացված է։ 2021-ին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ի՞նչ քարտեզ, քարտեզը նկար է, թուղթ։ Ո՞ւր է, որ Տիգրանաշենն Ադրբեջան է, ի՞նչ տեղի ունեցավ, որ ափդեյթ եղած Նիկոլ Փաշինյանը եկավ, հանկարծ այդ թղթերը տեսավ։ Բա եթե այդ թղթերը տեսել է, թող ցույց տա։ Համեմատությունը տեղին չէ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայկական Արցախը համեմատում է գոյություն չունեցող ցնդաբանության՝ արևմտյան Ադրբեջանի հետ»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ հավելեց «Իսկ Ալիևի՞ մոտ ինչ պատկերացում է ստեղծել։ Եթե Նիկոլ Փաշինյանը տենց լավ տարածք փոխանակող է, մի հատ տարածք ունեմ, տամ՝ թող փոխանակի Մալդիվների հետ։ Սրանք նոր ֆոկուսնիկի նոր աճպարարություններն են մի քիչ էլ ժամանակ ձգելու համար։ Միջազգային հարաբերությունների ոլորտում իրենց տգիտությունն արդեն դասագրքային ծավալի է հասել»։
Բագրատ Միկոյանի, Արթուր Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: