Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում։ Հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ Վերաքննիչ դատարանը մերժել է կալանքի դեմ բողոքը նույն ձևակերպմամբ, ինչ հարյուրավոր նմանատիպ բողոքները, այսինքն՝ առանց մանրամասն հիմնավորման։
Այս կապակցությամբ Օրբելյանը հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների կատարումը։ Ընդ որում, վաղեմության վաղուց լրացած ժամկետի մեջ «տեղավորվելու» համար քննությունը գործին «կցել է» մի դրվագ, որտեղ շոշափվում են երրորդ անձինք և մի գործարք, որը որևէ առնչություն չունի ոչ Սեդրակ, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանների հետ։
Փաստաբանը նաև նկատեց, որ գործը քննում են 60 քննիչներ, թեև տասն էլ բավական կլիներ՝ հաշվի առնելով, որ խոսքը 2018 թվականից քննվող գործի մի մասի մասին է, և ենթադրվում է, որ ամեն ինչ արդեն պետք է քննված լիներ, իսկ հիմա մնացել են փոքր «պատառիկներ»։ Եվ ցանկացած դեպքում Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտություն չկա։ Այս համատեքստում իրավաբանը հիշեցրեց ապօրինի ազատազրկման վերաբերյալ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների գոյության մասին։ Օրբելյանը նաև նշեց, որ վիրահատությունից հետո նախկին նախագահին անհրաժեշտ է անցնել բժշկական հետազոտություն, ինչի կապակցությամբ դիմում է ներկայացվելու քրեակատարողական ծառայություն։ Հատուկ գանգատներ չկան, հետազոտությունը պլանային է, պարզաբանել է փաստաբանը։