ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրադրությունը, պատասխանել պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին։
Հոկտեմբերի 13-ին հնդկական պատվիրակությանն ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ներկայացրել ՀՀ զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանը, այդ թվում՝ ռազմական կրթության բնագավառում փոխգործակցությանը։
Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել էր պատվիրակության անդամների հարցերին։