Բաքվում հայ գերիներին շարունակում են խոշտանգել․ նրանք զրկված են նամակներ ուղարկելու և ստանալու հնարավորությունից․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգումները շարունակական բնույթ են կրում։ Երևանում «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովին նման հայտարարություն արեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով` խոշտանգումների մասին վկայում են նաև հայրենադարձված գերիների փաստացի ցուցմունքներն ու նրանց բժշկական հետազոտությունների արդյունքները։

«Մենք պետք է նայենք, թե միջազգային գործընկերներն ադրբեջանական բանտերի և այնտեղ տեղի ունեցող խոշտանգումների վերաբերյալ ինչ գնահատականներ ունեն։ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին զեկույցներում առկա է մի սպեցիֆիկ բնութագրում, որը շատ դժվար է գտնել մարդու իրավունքները խախտող այլ պետությունների պարագայում․ խոշտանգումն այստեղ ոչ թե պարզապես սիստեմիկ բնույթ ունի կամ վարչական պրակտիկա է, այլ կրում է էնդեմիկ բնույթ։ Այսինքն՝ դա սովորական գործելակերպի անբաժան մաս է։ Եթե գործ ունենք մի քանի հայտանիշներով խոցելի անձանց հետ՝ էթնիկ, կրոնական պատկանելություն և քաղաքական հակամարտություն, ապա հասկանալի է, որ չենք կարող խուսափել էնդեմիկ խոշտանգումներից»,- շարունակեց Սահակյանը։

Leave a comment