Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերի հայկական տիրույթում վերջին շրջանում կրկին ակտիվացել են կեղծ ֆեյսբուքյան էջերը, որոնք հանդես են գալիս սուպերմարկետների, բրենդների և հայտնի աստղերի անունից։
Ակտիվորեն տարածվող գրառումներում հայաստանյան օգտատերերին խոստանում են թանկարժեք նվերներ՝ բջջային հեռախոսներ, ավտոմեքենաներ և գնումների վաուչերներ՝ պայմանով, որ կատարեն պարզ գործողություններ, ինչպիսիք են գրառումը տարածելը կամ մեկնաբանություն թողնելը։
Չնայած այս երևույթի վերաբերյալ նախկինում հրապարակված բազմաթիվ հրապարակումներին, կեղծ էջերը շարունակում են գրավել հազարավոր հայ օգտատերերի ուշադրությունը՝ ստանալով լայն տարածում։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է կեղծ ֆեյսբուքյան էջերի գործունեությունը։
Կեղծ խաղարկություններ՝ հայտնի սուպերմարկետների և անհատների անունից
Խարդախները ստեղծում են ֆեյսբուքյան էջեր, որոնք նմանակում են Հայաստանում գործող սուպերմարկետներին, օրինակ՝ «Քարֆուր», «ՍԱՍ» և «Ծիրան» ցանցերի էջերին։ Շուրջ 200 հետևորդ ունեցող «Carrefour.fans» նորաստեղծ էջը պնդում է, թե «Քարֆուր»-ը տարեդարձի առթիվ բաժանում է «անվճար կանխիկ գումար», հեռախոսներ և այլ նվերներ, մինչդեռ նման հայտարարություն սուպերմարկետի պաշտոնական էջում չկա։
Ըստ գրառումների՝ խաղարկությանը մասնակցելու համար բավարար է մեկնաբանությունների բաժնում գրել «Շնորհավոր» կամ գուշակել թիվ կամ գույն։ Կարճ ժամանակում գրառումները հավաքում են հազարավոր արձագանքներ, իսկ օգտատերերը ակտիվորեն նշում են իրենց ընկերներին՝ ընդլայնելով տարածումը։
Ոմանք մեկնաբանություններում նույնիսկ շնորհակալություն են հայտնում «ընձեռված հնարավորության» համար՝ չնկատելով, որ էջը ստեղծվել է ընդամենը մի քանի օր առաջ։
Այս գործողությունները սոցցանցերի ալգորիթմների կողմից ընկալվում են որպես բարձր ներգրավվածություն, ինչի հետևանքով կեղծ գրառումը հայտնվում է ավելի մեծ թվով մարդկանց լրահոսում։
Սուպերմարկետների ցանցերի անունով ստեղծված մյուս կեղծ էջերը, ինչպիսիք են «SAS Supermarket»-ը կամ «Tsiran Supermarket Chain»-ը, օգտագործում են գրեթե նույնական տեքստեր խաղարկությունների վերաբերյալ։
Հատկանշական է «Monika Nazaryan Fans» անունով էջի օրինակը, որը ներկայացվում է հայ երգչուհի Մոնիկա Նազարյանի անունից։ Էջում հրապարակվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենաների և «iPhone»-ների խաղարկությունների մասին գրառումներ։
Ինդոնեզական հետքը զեղծարարությունում
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ էջերի գրառումների մեկնաբանություններում էջի կողմից հաճախ կիրառվում է @pengikut նշումը, որն ինդոնեզերենից թարգմանաբար նշանակում է «հետևորդներ»։ Այն Ֆեյսբուքի @everyone գործիքի համարժեքն է, որը թույլ է տալիս մեկ գրառմամբ ծանուցում ուղարկել էջի բոլոր հետևորդներին։
#CivilNetCheck-ն արդեն բազմիցս անդրադարձել է «Երևան Սիթի», «Սաս», «Քարֆուր» և այլ ընկերությունների անունից տարածվող կեղծ խաղարկություններին։ Բոլոր դեպքերում մեկնաբանություն թողնելուց հետո օգտատերերին անձնական հաղորդագրությամբ ուղարկվում են ֆիշինգային հղումներ, ըստ որոնց՝ «նվերը ստանալու» համար անհրաժեշտ է գրանցվել համապատասխան կայքում։
Այնտեղ պահանջվում է լրացնել սոցցանցի օգտահաշվի կամ բանկային քարտի տվյալները, ինչն այնուհետև հնարավորություն է ընձեռում խարդախներին՝ յուրացնելու հաշիվը կամ դրամական միջոցները։
Կեղծ էջերը պաշտոնականներից տարբերելն դժվար չէ. պետք է ուշադրություն դարձնել էջի ստեղծման ամսաթվին, հետևորդների թվին և հրապարակումներին։ Պաշտոնական էջերը սովորաբար ունենում են հազարավոր հետևորդներ և երբեք խաղարկություններին մասնակցելու պայման չեն դնում օգտահաշվի կամ բանկային տվյալների հաղորդումը։
The post Հազարավոր լայքեր և տարածումներ. խարդախության անդադար շրջապտույտը ֆեյսբուքի հայկական տիրույթում appeared first on CIVILNET.