Ռուսաստանը կրկին զանգվածային հարված է հասցրել Կիևին։ Բալիստիկ հրթիռներով հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 22-ը՝ վիրավորվել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, գրում է Current time-ը։
Դեսնյանսկի շրջանում հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան հարվածի տակ են հայտնվել պահեստ ու ինը հարկանի բնակելի շենք։ Բնակարաններում հրդեհներ են բռնկվել։ Զոհվել է երկու մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 8-ամյա երեխա։ Վիրավորներից 16-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից չորսի վիճակը ծանր է։
Դարնիցկի շրջանում խոցված արկի բեկորներն ընկել են մարզադաշտի տարածքում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Դնեպրովսկի, Շևչենկովսկի և Գոլոսեևսկի շրջաններում հարվածներ են հասցվել ոչ բնակելի շենքերին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը հարվածել է նաև ՋԷԿ-4-ի տարածքին՝ Կիևի հիմնական էլեկտրակայաններից մեկին։ Նա նշել է, որ գործընկերները կրկին չեն նախազգուշացրել Ուկրաինային Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռների արձակման մասին, «այդ հրթիռները մեր համակարգը հայտնաբերել է այն ժամանակ, երբ դրանք արդեն, ըստ էության, մոտենում էին Կիևին»։
Հոկտեմբերի 14-ի առավոտյան էլ ռուսական զինուժը կրկին հարվածներ է հասցրել էներգետիկ օբյեկտներին։ Քաղաքում էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել։ Մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Ուկրաինական «ԴՏԷԿ» էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով վթարային անջատումներ են տեղի ունեցել Դարնիցկի, Դնեպրովսկի, Պեչերսկի և Սոլոմենսկի շրջաններում, ինչպես նաև Գոլոսեևսկի շրջանի մի հատվածում։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանն «անհրաժեշտ չի համարում հետևել նրան, ինչ ասել է Ամերիկայի նախագահը», մինչդեռ Ուկրաինան աջակցել է «էներգետիկ հրադադարին»։
«Ռուսաստանը հերթական էլեկտրակայանն ու մեր մարդկանց կյանքն է դարձնում թիրախ։ Եվ, անկասկած, անարդար է, երբ նրանք ոչնչացնում են էներգետիկ ենթակառուցվածքները, իսկ Ուկրաինան նույնիսկ բալիստիկ հրթիռների արձակման մասին նախազգուշացումներ չի ստանում։ Կարևոր է, որ աշխարհը չլռի այս մասին։ Կարևոր է նաև, որ Ամերիկան իսկապես տեսնի, թե ինչ է տեղի ունենում և ով է մեղավոր պատերազմի շարունակման համար»,- նշել է նա։
Ըստ Զելենսկիի՝ «այս գիշեր ռուսներն ուկրաինական էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքների դեմ կիրառել են 39 բալիստիկ հրթիռ, ավելի քան 120 հարվածային անօդաչու թռչող սարք և թափառող զինամթերք՝ Կիևում, Կիևի մարզում և Խարկովում»։
Ռուս զինվորականները հարձակվել են նաև Խմելնիցկիի մարզի վրա, որտեղ երկու մարդ է տուժել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հրդեհներ են բռնկվել ձեռնարկություններում, բենզալցակայանում և երկու առանձնատներում։ «Էպիցենտր» ընկերությունից հայտնել են, որ Ռուսաստանն արել է ամեն ինչ՝ Խմելնիցկիում գտնվող իրենց վերջին խոշոր լոգիստիկ բաշխիչ կենտրոնը ոչնչացնելու համար։
«Մեկ օրվա ընթացքում՝ 10 հարձակում։ Հինգ խոշոր հրդեհ։ Ի վերջո, թշնամուն հաջողվեց հասնել իր նպատակին․ կրակը ոչնչացրել է ներսում պահվող ապրանքների շուրջ 85%-ը։ Երկնքում 30 անօդաչու թռչող սարքեր թույլ չէին տալիս մարել հրդեհը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տուժածներ չկան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի