Ադրբեջանի ԶԼՄ-ների և հեռարձակման խորհուրդը դատապարտել է Թուրքիայից և Իրանից հնչող «տեղեկատվական հարձակումները»:
Խորհուրդը նշել է, որ վերջին օրերին օտարերկրյա հանրային գործիչներ, քաղաքական գործիչներ և նույնիսկ պաշտոնյաներ ակտիվորեն մասնակցում են Ադրբեջանի դեմ ուղղված տեղեկատվական արշավներին։
«Նման գործունեությունը, որը թելադրված է քաղաքական և գաղափարական դրդապատճառներով, ուղղված է հասարակական կարծիքի մանիպուլյացիային և հանդիսանում է երկրի ներքին գործերին միջամտություն, տեղեկատվական տարածքի չարաշահման և հանրային վստահությունը խարխլելու փորձի անընդունելի դրսևորում»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև դժգոհություն է արտահայտվում թուրքական և իրանական տեղեկատվական դաշտում Ադրբեջանի հասցեին ուղղված կողմնակալ նյութերի տարածման, սպառնալիքների և վիրավորանքների կապակցությամբ՝ նշելով այդ երկրների իշխանությունների կողմից որևէ արձագանքի բացակայությունը։