Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է

Սեպտեմբերի 14-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի, որովայնի հատվածի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված վիրավորի կյանքի համար, Մարաշի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Արտակ Ա․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նույն օրը Ալեք Մանուկյան փողոցից մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 19-ամյա Սարգիս Մ․-ին, 19-ամյա Հովհաննես Գ․-ին, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Ֆ․-ին, 18-ամյա Ջիվան Տ․-ին, 18-ամյա Նարեկ Ղ․-ին։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արտակ Ա․-ին սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Էդմոն Պ․-ն, ում հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժին՝ իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էդմոն Պ․-ի հետ ոստիկանություն է տեղափոխվել նաև նրա ուղևոր` Երևանի բնակիչ 20-ամյա Կոլյա Պ․-ն, ովքեր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել են։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Leave a comment