Մերձավոր Արևելքի շարունակական ճգնաժամը, բացի նավագնացության ռիսկերի աճից, ազդել է նաև ֆինանսական շուկաների վրա։ Reuters-ի զեկույցը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական մտահոգությունները և անվտանգ ակտիվների նկատմամբ պահանջարկի աճը ԱՄՆ դոլարը հասցրել են վերջին 18 ամիսների ընթացքում իր ամենաբարձր մակարդակին։ Այս միտման կարևոր գործոններ են նշվում նավթի գների աճը և էներգամատակարարման խափանումների վերաբերյալ մտահոգությունները։
Վերջին օրերին Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում ծովային հարձակումներն ու միջադեպերը հաճախացել են՝ ծովային երթևեկության շարունակական խափանումների և էներգետիկ շուկայի վերաբերյալ մտահոգությունների աճի հետ մեկտեղ, իսկ ԱՄՆ զինված ուժերը նաև հայտնել են, որ թիրախավորել են մի նավ, որը, ըստ Վաշինգտոնի, փորձում էր շրջանցել իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակումը։ Հաղորդագրությունները վկայում են Հորմուզի նեղուցով նավթի տարանցման զգալի կրճատման և էներգետիկ արտահանման անվտանգության վերաբերյալ մտահոգությունների աճի մասին։ Այս իրավիճակը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել նավթի և գազի համաշխարհային շուկայի վրա։
Նավթը համաշխարհային ապրանք է, և դրա մատակարարման խափանումները բարձրացնում են գներն ամբողջ աշխարհում։ Իրանի պատերազմը և Հորմուզի նեղուցով նավթի տարանցման սահմանափակումները հստակեցրել են այս իրականությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է, որ ակնկալում է առաջիկայում կարգավորել կամ հաղթանակով ավարտել Իրանի և Ուկրաինայի շուրջ ընթացող հակամարտությունները։
Խոսելով Իրանի մասին՝ Թրամփը սպառնացել է, որ հակամարտությունը ցանկացած պարագայում կավարտվի՝ անկախ նրանից, թե Թեհրանը կհամաձայնի կատարել Վաշինգտոնի պահանջները, թե ոչ։
«Իրանի հարցը շատ արագ է լուծվելու, այսպես թե այնպես. կա՛մ նրանք մեզ կտան այն ամենը, ինչ պահանջում ենք, կա՛մ պարզապես այլևս գոյություն չեն ունենա»,— ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև վառելիքի գների կտրուկ անկում է կանխատեսել Իրանի հետ պատերազմի ավարտից հետո։ Նրա խոսքով՝ նավթի և բենզինի արժեքը կնվազի հակամարտության հանգուցալուծման պահին։
Սակայն Միացյալ Նահանգները շարունակում է տնտեսական գործիքները համարել արդյունավետ՝ Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Վաշինգտոնի կարծիքով՝ Իրանի առևտրի և նավթի արտահանման հետ կապված պատժամիջոցներն ու սահմանափակումները կարող են մեծացնել Իրանի տնտեսական և քաղաքական ծախսերը՝ առանց անմիջապես լայնածավալ պատերազմի մեջ մտնելու։
Այս համատեքստում շրջափակումը և տնտեսական ճնշումը կարող են գործիք լինել Իրանին ստիպելու ընդունել ԱՄՆ պայմանները, սակայն դրանց արդյունավետությունը կախված է Իրանի տնտեսության դիմադրողականությունից, սահմանափակումները շրջանցելու հնարավորությունից և երկու կողմերի՝ բախման ծախսերը կրելու կարողությունից։
Մյուս կողմից՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ամերիկացիները արձագանքել են Իրանի կողմից պատերազմի դադարեցման և Հորմուզի նեղուցի բացման համար առաջադրված յոթ պայմաններին, սակայն Թեհրանը նրանց արձագանքը համարում է անբավարար։ «ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի յոթ պայմաններից որոշների հետ, բայց մենք նրանց պատասխանը բավարար չենք համարում»,— X սոցիալական ցանցում գրել է Ռեզային։
Նա նշել է, որ «իրանական դիվանագիտությունը փոխվել է, և նախկին իրավիճակին վերադարձ չի լինելու»։
Չնայած Իրանի վրա ԱՄՆ ճնշման սրմանը և տարածաշրջանում Իրանի կոշտ դիրքորոշմանը՝ բանակցությունների ուղին մնում է երկու կողմերի համար էլ առկա տարբերակներից մեկը։ Համաձայնագրի ժամկետների և բովանդակության, մասնավորապես՝ միջուկային ծրագրի վերաբերյալ, հիմնական տարաձայնությունները պահպանվում են։ Վաշինգտոնը ցանկանում է սահմանափակումներ, որոնք կխանգարեն Իրանին վերականգնել իր միջուկային ծրագիրը, մինչդեռ Թեհրանը շեշտում է իր միջուկային իրավունքների անխախտելիությունը և տնտեսական ճնշումները մեղմելու, պատժամիջոցներն ու երկրի ծովային շրջափակումը վերացնելու անհրաժեշտությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը վերանայում է ԱՄՆ-ի արձագանքը Հորմուզի նեղուցը վերաբանալու իր առաջարկին և իր պատասխանը կփոխանցի միջնորդներին՝ վերանայումն ավարտելուց հետո։ Բանակցությունների կարգի շուրջ անհամաձայնությունները, մասնավորապես՝ Վաշինգտոնի պնդումը՝ Իրանի միջուկային հարցը շուտափույթ լուծելու վերաբերյալ, շարունակում են մնալ բանակցությունների առաջընթացի հիմնական խոչընդոտը։
Ռեզայիի և Բաղայիի հայտարարությունները ցույց են տալիս, որ, չնայած շարունակական դիվանագիտական շփումներին, երկու կողմերի պահանջների շուրջ տարաձայնությունները, մասնավորապես՝ միջուկային ոլորտում և պատերազմի ավարտին վերաբերող հարցերում, պահպանվում են։
Իրանցի պաշտոնյաների վերջին դիրքորոշումները վկայում են տարածաշրջանային միջնորդների և նույնիսկ Ռուսաստանի օգնությամբ դիվանագիտական լուծման հասնելու շարունակական ջանքերի մասին՝ միաժամանակ պահպանելով երկրի պաշտպանական պատրաստվածությունը։
Իրանի պատերազմը հանգեցրել է ռազմական ծախսերի ավելացման, մարդկային զոհերի, զինամթերքի պաշարների կրճատման, ԱՄՆ դաշնակիցների վրա ճնշման, Ռուսաստանի նավթային եկամուտների աճի և համաշխարհային նավթային շուկայում աննախադեպ խաթարումների։
Իրանի միջուկային հարցի վերաբերյալ Թրամփի՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրից դուրս գալը և բանակցությունների ընթացքում ռազմական հարվածները մեծացրել են Թեհրանի անվստահությունը Վաշինգտոնի նկատմամբ։ Այնուամենայնիվ, պատժամիջոցների, տնտեսական խթանների, միջազգային համագործակցության և զսպման միջոցների համադրությունը կարող է հիմք հանդիսանալ համաձայնագրի համար, որը կսահմանի Իրանի միջուկային ծրագրի վրա ստուգելի սահմանափակումներ։
Վաշինգտոնի տեսանկյունից՝ այն պատրաստ չէ Թեհրանին առաջարկել այն զիջումները, որոնք նա ցանկանում է պարզապես Հորմուզի նեղուցի բացման դիմաց, և ցանկանում է, որ այդ զիջումները կապված լինեն միջուկային բանակցությունների առաջընթացի և այս հարցում Իրանի գործողությունների հետ։ Այսպիսով, հիմնական տարբերությունը պարտադիր չէ, որ սահմանափակվի երկու կողմերի՝ որոշ պայմանների սկզբունքին լիակատար դեմ լինելով, այլ վերաբերում է այն հարցին, թե որ կողմը պետք է առաջին քայլն անի։
Թեհրանի տեսանկյունից՝ միջուկային լծակի պահպանումը և միակողմանի հանձնվելուց խուսափելը բանակցությունների հիմնական մասն են կազմում։ Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը լուծի իր միջուկային մտահոգությունները։ Այսպիսով, առանց փոխադարձ պարտավորությունների կատարման հավաստի մեխանիզմների՝ հնարավոր փոխըմբռնումը կարող է պարզապես դադարեցնել հակամարտության մի փուլը, այլ ոչ թե վերջ դնել ճգնաժամին։
Նույնիսկ եթե Իրանը կարողանա ստեղծել տնտեսական և տարածաշրջանային ցանց, ԱՄՆ պատժամիջոցները դեռևս լուրջ քաղաքական, ռազմական և տնտեսական ռիսկեր կառաջացնեն երկրի համար։ Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և աշխարհի այլ խոշոր երկրների տնտեսություններն այնքան մեծ և կարևոր են, որ Իրանի կողմից նրանց հետ կապերի խզումը չի կարող անկարևոր լինել Թեհրանի համար։ Մյուս կողմից՝ Իրանի, ԱՄՆ-ի և Արևմուտքի միջև տնտեսական հարաբերությունների կառուցվածքը փոխելու փորձն առանց բանակցությունների կարող է վերարտադրել անցյալի խոցելիությունը։ Այսպիսով, թերևս գլխավոր խնդիրը «բանակցությունների» և «դիմադրության» միջև ընտրությունը չէ, այլ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց դեպքում Իրանը, ընտրության ավելի շատ տարբերակներ ունենալով, կարող է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ։
Քաղաքական մեկնաբան և Իրանի հարցերով փորձագետ՝
ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: