Խուդաթյանը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները՝ տեղական ինքնակառավարման, տրանսպորտի, ավիացիայի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։

Դավիթ Խուդաթյանը վերահաստատել է Միացյալ Թագավորության հետ գործնական և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։

Կողմերն ընդգծել են Երևան-Լոնդոն ուղիղ չվերթների հաջող իրականացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրավական հիմքերի ձևավորմանը»։

Leave a comment