Հարավային Կորեայում էլեկտրոնիկայի գների ռեկորդային աճ է գրանցվել

Հարավային Կորեայում համակարգիչների գները կտրուկ աճել են՝ մեկ տարվա ընթացքում թանկանալով միանգամից 27.4%-ով։ Պատճառը կիսահաղորդիչների թանկացումն է, որի հետևանքով երկարաժամկետ օգտագործման ապրանքների գներն աճել են 2009 թվականի նոյեմբերից ի վեր ամենաարագ տեմպով։ Այս մասին գրում է Newsis գործակալությունը՝ վկայակոչելով պետական վիճակագրական տվյալները։

Կորեայի տեղեկատվական և վիճակագրական ծառայության տվյալներով՝ սեպտեմբերին երկարաժամկետ օգտագործման ապրանքների գները տարեկան կտրվածքով աճել են 4.9%-ով։ Նման թռիչք չէր գրանցվել 16 տարի 10 ամիս՝ 2009 թվականի նոյեմբերից ի վեր, երբ ցուցանիշը կազմել էր 5%։

«Համակարգիչների գները տարեկան կտրվածքով աճել են 27.4%-ով, ընդ որում՝ աճի տեմպն օգոստոսի համեմատ արագացել է 3.7 տոկոսային կետով․ այդ ամիս այն կազմել էր 23.7%։ Պլանշետները և տվյալների պահպանման սարքերը թանկացել են համապատասխանաբար 22.5%-ով և 45.9%-ով»,- հաղորդում է գործակալությունը։

Սեպտեմբերին բջջային հեռախոսների գները տարեկան կտրվածքով աճել են 8.3%-ով՝ նախորդ ամսվա 4.3%-ի դիմաց։ Վերլուծաբանները գնաճի արագացումը բացատրում են սմարթֆոնների նոր մոդելների թողարկմամբ․ արտադրողները դրանց գներում ներառում են թանկացած բաղադրիչների ծախսերը։

Կորեայի բանկի տվյալներով՝ օգոստոսին DRAM օպերատիվ հիշողության արտադրողների գները տարեկան կտրվածքով աճել են 476.1%-ով, իսկ ֆլեշ հիշողության գները՝ 250.6%-ով։ Այս ֆոնին սեղանադիր համակարգիչները թանկացել են 36.2%-ով, նոութբուքnերը՝ 41.6%-ով, իսկ համակարգչային հիշողության սարքերը՝ 325.1%-ով։

Ինչպես նշում է գործակալությունը, գների աճը պայմանավորված է արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոններում ներդրումների ավելացմամբ։ Դա խթանում է կիսահաղորդիչների պահանջարկը և հիշողության միկրոսխեմաների պակաս առաջացնում։ Փորձագետները չեն բացառում, որ հիշողության չիպերի դեֆիցիտը կպահպանվի մինչև 2030 թվականը։

Հարավային Կորեայի իշխանությունները խոստովանում են, որ նման պայմաններում էլեկտրոնիկայի թանկացումը զսպելը դժվար կլինի։ Երկրի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կիսահաղորդիչների գների աճն աստիճանաբար արտացոլվում է երկարաժամկետ օգտագործման ապրանքների արժեքի վրա և որոշ չափով անխուսափելի է։

Leave a comment