Իրանը դիմակայել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ռազմական հակամարտությանը և տապալել հակառակորդների ծրագրերը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Մեծ Թեհրանի հրամանատար, բրիգադային գեներալ Հասան Հասանզադեն, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իրանը դասվում է աշխարհի չորս առաջատար տերությունների շարքին, իսկ պատերազմի ընթացքում երկիրը ոչ միայն դիմակայել է հարվածներին, այլև «ջախջախիչ» պատասխան է տվել հակառակորդին։
Հասանզադեն ելույթ է ունեցել տեղական միջոցառմանը, որը նվիրված էր ութամյա իրանա-իրաքյան պատերազմում (որն Իրանում անվանում են Սրբազան պաշտպանություն), ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ վերջին ռազմական հակամարտություններում զոհվածների հիշատակին։
Գեներալի խոսքով՝ Իրանի հակառակորդները բարդ ծրագրեր էին մշակել, որոնք ուղղված էին պետական կառավարման իսլամական համակարգի տապալմանը, երկրի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի և բարձրաստիճան զինվորական հրամանատարների սպանությանը։ Հակառակորդների ենթադրյալ նպատակների թվում նա նշել է նաև հրթիռային արսենալի, հակաօդային պաշտպանության համակարգերի, միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների ոչնչացումը։
«Ամենակարողի օգնությամբ թշնամին ոչ միայն չհասավ իր նենգ նպատակներին, այլև բախվեց նրան, որ իսլամական Իրանը ամուր ու վստահորեն դիմակայեց և ջախջախիչ ու ցավոտ պատասխան հասցրեց թշնամուն»,- հայտարարել է Հասանզադեն։
Նա նաև ընդգծել է ԻՀՊԿ-ի ձեռքբերումները մարտական գործողությունների ընթացքում, մասնավորապես՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Գեներալը բարձր է գնահատել իրանցի զինվորականների նախաձեռնություններն ու գործողությունները, որոնք մասնակցել են Միացյալ Նահանգների (որին Իրանում անվանում են «Մեծ սատանա») դեմ դիմակայությանը։
Հասանզադեն քաղաքացիներին կոչ է արել պահպանել միասնությունը, փոխադարձ աջակցությունը, հավատն ու պատրաստակամությունը՝ արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար։ Նրա խոսքով՝ եթե իրանական հասարակությունը պահպանի հավատն ու մարտական պատրաստվածությունը, երկրի հակառակորդները կշարունակեն սխալվել իրենց հաշվարկներում։