Դուք հերոսների նկար ջնջող եք, դուք անցյալն ու պատմությունը ուրացող քաղաքական ուժ եք. Մանուկ Սուքիասյան

«Եթե ուժեղության ցուցիչն այն է, որ ադրբեջանական մուղամի տակ Նիկոլ Փաշինյանը սրտիկ ցույց տա, դուք էլ հերոսների նկարները ջնջեք պատերից, այո՛, դուք ուժեղ եք։ Ամառվանից սկսած՝ մինչ օրս, Երևանի պատերից քաղաքային իշխանության կողմից բարեկարգման անվան տակ ջնջվել են հերոսների նկարները՝ Հայկազ Մկրտչյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ալբերտ Հովհաննիսյանի…։ Ինչո՞ւ եք ջնջում այդ նկարները, ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել, ձեզ ի՞նչ նեղություն էին տալիս։ Դա է ձեր իրական դեմքը. դուք հերոսների նկար ջնջող եք, դուք անցյալն ու պատմությունը ուրացող քաղաքական ուժ եք»,- այսօր ավագանու նիստում իշխող ուժին քննադատեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։

Նա անդրադարձավ նաև քաղաքում ինքնաշեն շինություններին և թվեր ներկայացրեց։

«Երևանում հաշվառված է 10 500 ինքնաշեն անշարժ գույք, որի վերաբերյալ կազմվել է 5500 արձանագրություն։ 2026 թվականի բյուջեով 194 մլն 700 հազար դրամ է հատկացվել դիմումների, հայցադիմումների, դատարանների որոշումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների հետ կապված ծախսերին։ Ահա թե ուր է գնում Երևանի բյուջեն։ Իսկ 2022-2025 թվականներին, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, քաղաքացիներն ընդդեմ քաղաքապետարանի ներկայացրել են ավելի քան 10 000 հայց, որոնց մեծ մասը շահել են»,- նշեց նա։

Անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում սկսված գործընթացներին՝ ավագանու անդամը նկատեց, որ եթե այդ տարածքը պետք է վերադարձվեր հանրությանը, ապա ամիսներ առաջ չպետք է վերակնքվեին պայմանագրերը։

«Այդ մարդկանց այդ ժամանակ զգուշացնեիք։ Ա՜խ, հա՛, վախենում եք, որ իրենք, որպես հայցի ապահովման միջոց, դիմեն դատարան, ու քանդման գործընթացը կասեցվի, հա՞… Այս դիմակահանդեսի վերջը տվեք»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment