Դիմում եմ ժամանակին այստեղ վեր ընկած քաղաքական խուլիգանին. ավագանու անդամը ՝ ԱԺ պատգամավորին

«Այս դահլիճում ժամանակին կար մեկը՝ վեր ընկած, հիմա առաջնային մանդատ է վերցրել ու թափահարում է Երևանի փողոցներում»։

Այսօր Երևանի ավագանու նիստում իր ելույթը այսպես սկսեց «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Շինարարների փողոցում ապօրինի կրպակների քանդման դեմ բողոքող քաղաքացիների շահերը պաշտպանող ավագանու նախկին անդամ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին։

Խաչատրյանի որակումներին ի պատասխան՝ ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամները հորդորեցին նրան կոռեկտ պահել իրեն, սակայն Խաչատրյանը չընկրկեց և նույն ոգով շարունակեց.

«Առաջնային մանդատ ստացած քաղաքական խուլիգանին եմ հիմա դիմում։ Լսի՛ր, պարո՛ն մանդատակիր խուլիգան, վարչական շրջանի ղեկավարն իր օրինական գործունեությունն է իրականացնում վարչական շրջանի տարածքում, ու քո մանդատն իրավունք չի տալիս բերանդ ավել-պակաս բացելու։ Համբա՛լ, թքեմ վրեդ։ Այդ ամեն ինչը քո քաղաքական տերերի դաստիարակությունն է, ու արժանի են իրենք լսելու։ Գնա՛ Երևան ՔԿՀ-ի պատուհանների տակ ու գոռա, թքի՛ր ու այդ ամեն ինչն ասա։ Եթե սա իրավական պետություն է, ապա վարչական շրջանի ղեկավարը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ նման քաղաքական խուլիգանին պետք է անհապաղ զրկեն անձեռնմխելիությունից և ենթարկեն պատասխանատվության՝ օրենքի սահմաններում»։

Ի պատասխան՝ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը նկատեց, որ «վեր ընկած» արտահայտությունը որոշ չափով դուրս էր կոռեկտության սահմաններից։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment