Միրզոյան․ Կարող ենք վաղն առավոտյան լրահոսում մի վերնագիր տեսնել հայ-թուրքական սահմանի բացման մասին

Թուրքիայի հետ սահմանը դեռ փակ է, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին հասունացել է արդեն, հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարմասին Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումում։

«Մենք կարող ենք հեշտությամբ վաղն առավոտյան լրահոսում գտնել մի վերնագիր հայ-թուրքական սահմանի բացման մասին և այլն»,- նշել է Միրզոյանը, գրում է Sputnik Արմենիան:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի հետ արդեն խաղաղություն է հաստատվել։

Միրզոյանը պատասխանել է նաև այն հարցին, թե որքանով է հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանավորված Հայաստանի՝ Եվրոպական միության հետ համագործակցությամբ և եվրոպական ուղղությամբ իրականացվող քաղաքականությամբ։

Նախարարը պարզաբանել է, որ այդ երկու գործընթացներն անմիջականորեն փոխկապակցված չի համարում։

Նա շեշտել է, որ Հայաստանը նպատակադրված է բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ անկախ ամեն ինչից, ու սա որևէ կերպ կապված չէ երկրի եվրոպական ձգտումների հետ: Մյուս կողմից, ըստ Միրզոյանի, եթե Հայաստանի ձգտումն է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա, հավանաբար, հարևանների հետ խնդիրներ, հակամարտություններ ունենալը կվնասի գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի միջև մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Երկու պետությունների սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ Երևանն ու Անկարան հայտարարել են երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին և նշանակել հատուկ ներկայացուցիչներ։ 2025 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Հայաստան։ Այցից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների իրականացման հնարավորությունները։

Leave a comment