Երեւանի փոխքաղաքապետը՝ լրագրողներին. «Ընդհանուր օրակարգն այն է, որ պետական հատվածում աշխատավարձերը բարձրանում են։ Ձեր համար դա նորությո՞ւն է»

«Ինձ թվում է, որ իրենց շահերից բխում է, որ չզեկուցվող է, որպեսզի իրենց էլեմենտար մաթեմատիկայի չիմացությունը բոլորի համար ակներեւ չլինի»,- ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու նոր գործակիցների հաստատման հարցը ընդգրկված էր չզեկուցվողների փաթեթում, չնայած ընդդիմությունը առաջարկում էր դարձնել քննարկվող հարց։

«Եթե կա գործակից, այդ գործակիցը պետք է բազմապատկես ինչ-որ բազայինով ու այդ բազայինը չկա, ո՞նց ես եզրակացնում՝ բարձրանու՞մ է, իջնո՞ւմ է։ Այսօր չի քննարկվում աշխատավարձերի բարձրացում»,-ասաց Սուրեն Գրիգորյանը, սակայն քիչ անց իր խոսքում արձանագրեց. «Ընդհանուր օրակարգն այն է, որ պետական հատվածում աշխատավարձերը բարձրանում են։ Ձեր համար դա նորությո՞ւն է, հա՞։ Ընդհանուր տենդենցը դա է։ Տենդենցը ունի իր հիմնավորումները եւ այդ հիմնավորումները նաեւ Երեւանի քաղաքապետարանի մասով նույնպես առկա են։ Ոչ թե տենդենցը մոդայիկ է, մենք էլ մոդայից հետ չմնանք, այլ փոփոխություններն ունեն իրենց հիմքերը եւ այդ հիմքերը, որոնք առկա են պետական կառավարման համակարգում, համայնքային կառավարման համակարգում ու Երեւանի քաղաքապետարանում նույնպես առկա են»։

Քաղաքապետի տեղակալը խոսելով նոր գործակիցների հաստատման արդյունավետության եւ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի մասին՝ ասաց, որ հավատում է արդյունավետության բարձրացմանը, սակայն. «Կոռուպցիայի կանխարգելմանը, իմ անձնական դիրքորոշումն է, ես ճիշտն ասած, այդ արգումենտին հավատում եմ, համաձայն եմ, բայց կարծում եմ, պետք չէ իրեն գերագնահատել»,-շարունակեց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment