Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի նոր համակարգի ներդրման շրջանակում նախատեսվում է պարգևավճարները ներառել աշխատավարձի մեջ, իսկ հետագայում հնարավոր հավելավճարները կապել աշխատանքի կատարողականի գնահատման հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նրա խոսքով՝ նոր համակարգի նպատակն է նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և քաղաքապետարանին հնարավորություն տալ մրցակցել աշխատաշուկայում մասնագետների ներգրավման հարցում։

«Այսօր Երևանի ավագանին հաստատեց գործակիցներ, ինչպես դա կար կառավարությունում, պետական համակարգում։ Ի՞նչ է գործակիցը։ Գործակիցը այն թիվն է, որով բազմապատկվելու է բազային աշխատավարձը»,- ասաց Գալջյանը։

Նրա խոսքով՝ բազային աշխատավարձը պետք է սահմանվի օրենքով նախատեսված նվազագույն և առավելագույն սահմանաչափերի շրջանակում՝ նվազագույն աշխատավարձի 80-ապատիկից մինչև 120-ապատիկի չափով։

«Հետևաբար, մենք այսօր գործակիցներ հաստատելով՝ ոչ թե աշխատավարձեր ենք բարձրացրել, այլ պարզապես սահմանել ենք գործակիցները, որով հետագայում բազմապատկվելու են։ Բազային թիվը առայժմ չկա էլ, որ փոխվի, մենք դա պետք է նոր սահմանենք»,- նշեց նա։

Միաժամանակ, Գալջյանը չթաքցրեց, որ նպատակը աշխատավարձերի վերանայումն է։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի կենտրոնական ապարատի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ վերանայվել են հինգ տարի առաջ, մինչդեռ այդ ընթացքում բարձրացվել են մանկապարտեզների աշխատակիցների, ավտոբուսի վարորդների, գրադարանների և կանաչապատման հիմնարկի աշխատողների աշխատավարձերը։

Հարցին, թե ինչով է հիմնավորվում աշխատավարձերի վերանայումը, Գալջյանը պատասխանեց, որ քաղաքապետարանը նախատեսում է փոխել վարձատրության գործող մեխանիզմը։

«Մենք այս պահին ունենք աշխատավարձ և պարգևավճար և ի՞նչ ենք պլանավորում։ Մենք պլանավորում ենք պարգևավճար ասվածը դարձնել աշխատավարձի մաս»,- ընդգծեց նա։

Գալջյանի պնդմամբ՝ գործակիցների կիրառման արդյունքում որոշ աշխատակիցների ստացած ընդհանուր գումարը՝ աշխատավարձն ու պարգևավճարը միասին, կարող է ավելի ցածր լինել, քան նախկինում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment