ԱՄՆ-ն և եվրոպական երկրները քայլեր են ձեռնարկում Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված համատեղ առաջարկ մշակելու ուղղությամբ. այն կարող է ներառել տնտեսական խթաններ և անվտանգության երաշխիքներ Կիեւի համար, նաև ֆինանսական օգուտներ՝ Մոսկվայի համար․ այս մասին հայտնել է «The Washington Post»-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ հրապարակման՝ առաջարկը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչից։
- Առաջինն Ուկրաինայի վերականգնումն է։ Համաշխարհային բանկը և BlackRock ներդրումային ընկերությունը մտադիր են մշակել ֆինանսավորման մեխանիզմ՝ ավերված տարածքները վերականգնելու, զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին աջակցելու և ուկրաինական տնտեսությունն ամրապնդելու նպատակով։ Կիևից պահանջվել է պատրաստել անհրաժեշտ միջոցների մանրամասն հաշվարկներ և երաշխիքներ տրամադրել, որ գումարները կօգտագործվեն նպատակային։
- Երկրորդն անվտանգության երաշխիքներն են։ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պարտավորություն կստանձնեն ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ նոր հարձակման դեպքում։ Իգնատիուսի աղբյուրի համաձայն՝ նման երաշխիքները կարող են համադրելի լինել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի հետ, որը վերաբերում է հավաքական պաշտպանությանը։ Միաժամանակ, եվրոպական երկրների հետ կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել նաև Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով նրա անվտանգությանն առնչվող մտահոգությունները։
- Երրորդն էներգետիկ համաձայնագիրն է։ Քննարկվող տարբերակներից մեկը ենթադրում է դեպի Եվրոպա ռուսական նավթի և գազի մատակարարումների վերսկսում։ Այս էներգետիկ համագործակցությունից ստացված եկամուտները կարող են բաշխվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Հակառուսական պատժամիջոցների հնարավոր վերացման պայմաններն ու ժամկետները դեռ պետք է առանձին որոշվեն։
- Չորրորդը հրադադարն է ընթացիկ ռազմաճակատի գծի երկայնքով։ Նման սցենարը կնշանակի, որ Ռուսաստանը կպահպանի փաստացի վերահսկողությունն իր կողմից ներկայումս օկուպացված տարածքների, այդ թվում՝ Դոնբասի որոշ հատվածների նկատմամբ։ Այս հարցը շարունակում է մնալ բանակցությունների ամենաբարդ կետերից մեկը։
Ինչպես նշեկ է Իգնատիուսը, նախաձեռնության նպատակն է ցույց տալ հակամարտությունից հետո սպասվող օգուտները ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիեւի համար՝ դրանով իսկ դրդելով կողմերին հասնել տարածքային փոխզիջման, որը լիովին չի բավարարի ոչ մի կողմին։
Ծրագրի շուրջ քննարկումներն ընթանում են Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև առկա տարաձայնությունների ֆոնին։ Պարբերականի վկայակոչած աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախագահը պահանջում է, որ Կիևը դադարեցնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, ինչը բարդացնում է բանակցային գործընթացը։
Այնուամենայնիվ, նախաձեռնության կոնկրետ պայմանները դեռևս համաձայնեցված չեն։