Վան Գոգի կտավը կարող է վաճառվել մոտ 180 միլիոն դոլարով

Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» (Châtaigniers en fleurs) կտավը ցուցադրվել է Հոնկոնգում՝ Նյու Յորքում նոյեմբերի 18-ին կայանալիք աճուրդից առաջ: Sotheby’s աճուրդի տան գնահատմամբ՝ աշխատանքը կարող է վաճառվել շուրջ 180 միլիոն դոլարով՝ սահմանելով նկարչի ստեղծագործությունների վաճառքի համաշխարհային ռեկորդ:

Ինչու է դա կարևոր. Կտավն ավելի քան 60 տարի չի ցուցադրվել հանրությանը: Այն արգենտինացի կոլեկցիոներներ Նելլի Արրիետա դե Բլակիերի և Կառլոս Պեդրո Բլակիերի մասնավոր հավաքածուի 12 գլուխգործոցներից մեկն է, որոնք նույնպես դրվելու են աճուրդի (այդ թվոմ՝ Կլոդ Մոնեի, Կամիլ Պիսարոյի և Պոլ Սեզանի աշխատանքները):

Արվեստի գործի առանցքային մանրամասները.

  • Սյուժեն. Կտավում պատկերված է ծաղկած շագանակենի, որի կողքով անցնում է միայնակ տղամարդ, իսկ հեռվում երևում են ճապոնական հագուստով երեք կանայք:

  • Ստեղծման շրջանը. 1890 թվականին ավարտված այս աշխատանքը Վան Գոգի կյանքի վերջին երկու ամիսների ստեղծագործություններից է: Նա այն նկարել է Սեն Ռեմիի հոգեբուժարանը լքելուց հետո (որտեղ ստեղծել էր «Աստղալից գիշեր»-ը):

  • Արտադրողականությունը. Կյանքի վերջին շրջանում նկարիչն աշխատում էր արտակարգ տեմպով՝ օրական միջինում ստեղծելով մեկ կտավ: Նա մահացել է 37 տարեկանում՝ ինքնասպանության փորձից երկու օր անց:

  • Գնային ռեկորդը. Վան Գոգի աշխատանքների վաճառքի գործող ռեկորդը պատկանում է «Նոճիներով պարտեզ» կտավին, որը 2022 թվականին վաճառվել էր $117.2 միլիոնով:

Leave a comment