Վարչական ռեսուրսների ենթադրյալ չարաշահումը պահանջում է արդյունավետ քննություն. հայտարարություն

2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում դիտորդական առաքելության կողմից արձանագրվել են հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների՝ քարոզչական միջոցառումներին մասնակցության, ինչպես նաև այդ միջոցառումներում աշակերտների ենթադրյալ ներգրավման դեպքեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դիտարկման զեկույցում (Doc. 16486 rev) հիմնական մտահոգությունների շարքում առանձնացվել են նախընտրական քարոզարշավում վարչական ռեսուրսների չարաշահումը և ընտրական խախտումների դեպքում արդյունավետ ու ժամանակին դատական պաշտպանության ապահովման էական թերությունները։ Զեկույցով Հայաստանի իշխանություններին առաջարկվել է ամբողջական կարգավորում նախատեսել վարչական ռեսուրսների օգտագործման համար և ապահովել դրանց չարաշահման դեպքերի նկատմամբ արդյունավետ պատժամիջոցների կիրառում։ Միաժամանակ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ, հանրային հատվածի աշխատողների նկատմամբ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումները, նախընտրական շրջանում ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումների հետ մեկտեղ, մտահոգություններ են առաջացրել քարոզարշավի հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) կարևորում է հանրակրթական հաստատությունների քաղաքական չեզոքության ապահովումը՝ այն դիտարկելով որպես կրթական միջավայրում բարեվարքության և հակակոռուպցիոն սկզբունքների պահպանման անհրաժեշտ պայման։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասով ուղղակիորեն արգելվում է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության կամ քարոզչության իրականացումը, ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով ևս արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումը և իրականացումը, ի թիվս այլնի, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

Այս համատեքստում աշակերտների՝ քարոզչական միջոցառումներում ենթադրյալ ներգրավման դեպքերը լուրջ մտահոգություն են առաջացնում ինչպես կրթական հաստատությունների քաղաքական չեզոքության պահպանման, այնպես էլ երեխայի լավագույն շահերի ապահովման տեսանկյունից և պահանջում են պատշաճ ուսումնասիրություն ու իրավական գնահատական։

Կոալիցիան դրական է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակային դիրքորոշումները կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության և վարչական ռեսուրսների չարաշահման անթույլատրելիության վերաբերյալ։ Միաժամանակ, մտահոգիչ է, որ հանրակրթական հաստատությունների՝ քարոզչական գործընթացներում ենթադրյալ ներգրավման դեպքերի առնչությամբ նախաձեռնված ուսումնասիրությունների և իրավասու մարմիններին փոխանցված նյութերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հանրությանը չի տրամադրվել ամբողջական և սպառիչ տեղեկություն։

Մասնավորապես, 2026 թվականի մայիսի 13-ին Ապարան համայնքում «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է հանրակրթական մի շարք հաստատությունների տնօրենների և ուսուցիչների՝ դասապրոցեսի ընթացքում քարոզչական միջոցառմանը կազմակերպված մասնակցության, ինչպես նաև աշակերտներին դասերից դուրս բերելու վերաբերյալ դեպքեր։ Նույն օրը ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու մասին, իսկ ստացված ահազանգերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Մայիսի 14-ին ՀՀ վարչապետը հայտարարել է չորս դպրոցների տնօրենների՝ հրաժարական ներկայացնելու վերաբերյալ հանձնարարականի և ծառայողական քննության անհրաժեշտության մասին։ Հունիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարարը լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նշված դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, իսկ համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Հունիսի 12-ին ԿԳՄՍ նախարարը Ազգային ժողովում հայտնել է, որ չորս տնօրենները ներկայացրել են պարզաբանումներ, առաջարկվել է կիրառել կարգապահական տույժ։ Օգոստոսի 26-ին ԿԳՄՍ փոխնախարարի՝ մեկ այլ լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ներկայացված տեղեկություններում ևս անդրադարձ է կատարվել կիրառված կարգապահական միջոցներին և իրավապահ մարմիններին փոխանցված նյութերին։

Կոալիցիան ընդգծում է, որ պետական մարմինների՝ ենթադրյալ խախտումների առնչությամբ գործընթացներ նախաձեռնելու մասին հրապարակային հայտարարությունները պետք է ունենան հաշվետու շարունակություն՝ ապահովելով դրանց ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրության ժամանակին ու պատշաճ իրազեկումը։ Վարչական ռեսուրսների ենթադրյալ չարաշահման դեպքերի օպերատիվ ուսումնասիրությունը, իրավական գնահատականը և հաստատված խախտումների դեպքում համաչափ պատասխանատվության կիրառումը էական նշանակություն ունեն քաղաքական կոռուպցիայի կանխարգելման և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի ամրապնդման համար։ Առանձնապես կարևոր է նման դեպքերին արդյունավետ արձագանքելը հենց նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ կանխելու դրանց հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացի հավասար պայմանների վրա։

Միևնույն ժամանակ, կարգապահական տույժերի կիրառման վերաբերյալ հրապարակված տեղեկությունները չեն պարզաբանում իրավապահ մարմիններին փոխանցված նյութերի հետագա ընթացքը։ Հանրային հաշվետվողականության ապահովման համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ինչ իրավական գնահատական է տրվել հաղորդված դեպքերին, ինչ որոշումներ են կայացվել և արդյոք գնահատվել են նաև աշակերտների ու աշխատակիցների մասնակցությունը կազմակերպած կամ նրանց նկատմամբ հնարավոր ճնշում գործադրած անձանց գործողությունները։

Կոալիցիան սկզբունքային է համարում օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության ապահովումը՝ անկախ ենթադրյալ խախտում թույլ տված անձանց քաղաքական պատկանելությունից։

Վերոգրյալի հիման վրա Կոալիցիան կոչ է անում՝

1. Իրավասու իրավապահ մարմիններին՝ հանրությանը տրամադրել ամբողջական և սպառիչ տեղեկություն 2026 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրակրթական հաստատությունների՝ քարոզչական գործընթացներում ենթադրյալ ներգրավման դեպքերով ստացված նյութերի ուսումնասիրության հիման վրա հարուցված վարույթների ընթացքի, կայացված որոշումների և դրանց իրավական հետևանքների վերաբերյալ՝ պահպանելով օրենքով նախատեսված տեղեկատվության սահմանափակումները։

2. ՀՀ Ազգային ժողովին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջարկություններին համահունչ՝ գնահատել վարչական ռեսուրսների օգտագործման և դրանց չարաշահման համար պատասխանատվության գործող իրավական կարգավորումների ամբողջականությունն ու արդյունավետությունը և նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հանրակրթական հաստատությունների ղեկավարների, պետական և համայնքային պաշտոնատար անձանց կողմից աշխատակիցներին/ծառայողներին կամ աշակերտներին քարոզչական գործընթացներում ներգրավելու դեպքերի կանխարգելմանն ու դրանց համար պատասխանատվության արդյունավետությանը։

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ԿԳՄՍ նախարարությանը և իրավապահ մարմիններին՝ իրենց իրավասությունների շրջանակներում՝ կանխարգելել խախտումները, ապահովել նախընտրական քարոզարշավի ընթացքում նման ահազանգերի օպերատիվ ուսումնասիրությունը, ապահովել միջգերատեսչական համագործակցությունը և ձեռնարկված միջոցների ու դրանց արդյունքների վերաբերյալ ժամանակին հանրային հաշվետվողականությունը։

4. ԿԳՄՍ նախարարությանը՝ իրականացնել համակարգված իրազեկման միջոցառումներ հանրակրթական հաստատությունների ղեկավարների և աշխատակիցների շրջանում՝ կրթական հաստատությունների քաղաքական չեզոքության պահպանման պահանջների, դրանց խախտման հնարավոր իրավական հետևանքների և աշակերտների մասնակցությունը ծառայողական դիրքի կամ մանկավարժական ազդեցության օգտագործմամբ ապահովելու անթույլատրելիության վերաբերյալ։ Միաժամանակ, սովորողներին, ծնողներին և աշխատակիցներին տեղեկացնել նման դեպքերի մասին հաղորդելու հասանելի ուղիների մասին և ապահովել ստացված հաղորդումների պատշաճ արձագանքումը։

Կոալիցիան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ փորձագիտական աջակցություն տրամադրելու նշված ուղղություններով անհրաժեշտ բարեփոխումների մշակմանը և շարունակելու ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահման դեպքերի մշտադիտարկումը։

NEWS.am

Leave a comment