Իրենցից լավ շոուներ անող այլ ուժեր չկան, մենք միշտ արցախցի մեր քույրերի ու եղբայրների կողքին ենք. Վարդևանյան (Տեսանյութ)

ՔՊ-ն փակ ձևաչափն է ընտրել հարցի քննարկման համար, հնարավոր է դիմում ներկայացնել և մասնակցել այդ փակ քննարկմանը, բայց այստեղ հարցն այլ է՝ ինչի՞ համար են այն փակ իրականացնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

 

«Բնականաբար, մենք Արցախից տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր քույրերի ու եղբայրների կողքին ենք եղել և միշտ ենք լինելու։ Այս քննարկմանն էլ էինք պատրաստ մասնակցել։ Այս երեք տարվա ընթացքում բոլոր այն սոցիալ-տնտեսական անասելի դժվարությունները, որին բախվում են արցախցի մեր քույր-եղբայները, բնականաբար, դրա թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն ՔՊ-ն է»,-նշեց Վարդևանյանը։

 

Նրա խոսքով՝ էպիզոտիկ լուծումները, որոնք ՔՊ-ն տալիս է, դրանով հարցը չի լուծվի. «Իրենք են պատասխանատուն և թող առերեսվեն իրականության հետ»։

 

Պատասխանելով ՔՊ-ականների այն դիտարկմանը, թե ընդդիմությունը շոու է անում, դրա համար էլ փակ ձևաչափն են ընտրել, ԱԺ փոխնախագահը նշեց. «Կարծում եմ՝ իրենցից լավ շոուներ անող, նման գործելաոճ իրացնող այլ ուժեր չկան։ Մի բան հստակ է՝ կարելի էր միջազգային խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ավելի մեծ խոսք հղել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել։ Թող անհամեստություն չհնչի, բայց երբ մենք հնարավորություն ունեցանք գտնվելու ԵԽԽՎ-ում, մենք առաջինը հենց ընդգծել ենք Արցախի թեման, նույն էթնիկ զտման հետ կապված հանցանքի հանգամանքները»։

Leave a comment