Ինչո՞ւ պետք է արցախահայության բնակարանային խնդիրը վարկով լուծվի. Արամ Վարդևանյանը՝ իշխանություններին

«Եկեք զերծ մնանք «թույլ չտալու» ձևակերպումից։ Այստեղ թույլ չտալու խնդիր չի կարող լինել։ Ընտրված ձևաչափը փակ ձևաչափն է։ Փակ ձևաչափի պայմաններում, եթե մենք առանձին դիմում ներկայացնենք քննարկմանը մասնակցելու վերաբերյալ, դա հնարավոր է իրականացնել։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այն իրականացվում փակ ձևաչափով և ի՞նչ նպատակով։ Որքանով հասկանում եմ, նույն հաջողությամբ կարելի է ասել, որ ձեզ նույնպես թույլ չեն տալիս մասնակցել նշված քննարկմանը։

Ես կրկին կասեի՝ ոչ թե թույլ չեն տալիս, որովհետև ԶԼՄ-ների հետ հաղորդակցվելիս նման ձևակերպում օգտագործելն անհնար է։ Պարզապես այդպիսի ձևաչափ են ընտրել։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ մենք, բնականաբար, Արցախի մեր բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված քույրերի և եղբայրների կողքին եղել ենք և միշտ լինելու ենք։ Այս քննարկմանը նույնպես պատրաստ էինք մասնակցել, չնայած այն հանգամանքին, որ, ըստ էության, ակնկալվում էր նաև մյուս խմբակցությունների, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագրի» մասնակցությունը։ Այնուամենայնիվ, մենք մեր պատրաստակամությունն արտահայտել ենք»,- ճեպազրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել էր մասնակցել կառավարության անդամների և արցախցիների հանդիպմանը, սակայն ՔՊ-ն, ըստ էության, թույլ չտվեց։

Նրա ձևակերպմամբ՝ այս երեք տարիների ընթացքում անասելի սոցիալ-տնտեսական դժվարությունների են բախվել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները, և այդ խնդիրների համար առաջին պատասխանատուն և մեղավորը «Քաղաքացիական պայմանագիրն» է։ «Եթե կարծում են, որ մի քանի դրվագային, այլ ոչ թե համակարգային խնդիրների լուծմամբ կարող են իրենց վերագրել այդ ամենը, ապա սխալվում են։ Չեն կարող խուսափել այն մասշտաբային խնդիրների պատասխանատվությունից, որոնք դեռևս պահպանվում են, կամ փորձել դրանց այլ գնահատականներ տալ։ Իրենք են պատասխանատու և պետք է ինչ-որ իմաստով առերեսվեն այդ պատասխանատվությանը։ Միևնույն ժամանակ կարևոր էր, որ Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ևս փոխանցեինք՝ մենք պատրաստ էինք մասնակցել նաև այս քննարկմանը, սակայն ընտրված կազմակերպման կարգի պայմաններում դա օբյեկտիվորեն հնարավոր չէր»,- հավելեց Վարդևանյանը։

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում կարելի էր շատ ավելի մեծ ուշադրություն հրավիրել տեղի ունեցածի վրա։ «Թող անհամեստություն չթվա, բայց երբ առաջին անգամ հնարավորություն ունեցանք գտնվելու Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակներում, հենց առաջին իսկ հնարավորության դեպքում բարձրաձայնել ենք Արցախի հարցը, ինչպես նաև ընդգծել էթնիկ զտման՝ որպես միջազգային իրավունքի խախտման հանգամանքը։ Հետևաբար, պարզապես թող գործ անեն։ Կարծում եմ՝ սա հենց այն դեպքն է, երբ պետք է ոչ թե խոսել, այլ գործել։

Հիմա ևս մեկ հանգամանք նշեմ։ Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր հերթական միջազգային վարկային պարտավորության հետ կապված հարցը։ Ներկայացված, իհարկե, բավականին թերի հիմնավորումների համաձայն՝ վարկային միջոցները պետք է ուղղվեն արցախահայության բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ դա ընդհանրապես պետք է վարկի միջոցով իրականացվի։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դրա համար միջոցներ չկան։

Մենք բոլորս գիտակցում ենք, որ հանրային միջոցառումներն իրականացվում են պետական բյուջեի հաշվին։ Այդ դեպքում ինչո՞ւ այս խնդիրը չի լուծվում նույն սկզբունքով։ Ինչո՞ւ անպայման պետք է վարկային միջոց ներգրավվի։

Հիմա, եթե պայմանականորեն ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը՝ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, կարող եմ մի բան հաստատապես ասել. եթե Սամվել Կարապետյանը լիներ Հայաստանի Հանրապետության վարչապետը, արցախահայությանը վերաբերող հիմնարար խնդիրներն արդեն ամբողջությամբ լուծված կլինեին։ Այսինքն՝ ոչ թե դեռ լուծվելու էին, այլ երեք տարվա ընթացքում այդ սոցիալ-տնտեսական խնդիրներն արդեն լուծված կլինեին»։

Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment