«Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունը նախաձեռնվել է քրեական վարույթի հարուցումից չորս ամիս անց․ փաստաբան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում այսօր վաղ առավոտից իրականացվել են խուզարկություններ, որոնք առնչվում են դեռևս 2025-ի հոկտեմբերի 8-ին ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթին։ Այս մասին փետրվարի 13-ին  լրագրողներին հայտնել է Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ վարույթը վերաբերում է չարամտորեն հարկերից խուսափելուն և փողերի լվացմանը։ Ալեքսանյանի խոսքով՝ ուշագրավ է, որ քննչական գործողությունները ձեռնարկվել են միայն չորս ամիս անց, ինչը հարցեր է առաջացնում գործընթացի հրատապության և իրավական ողջամտության վերաբերյալ։

Փաստաբան Ալեքսանյանի ներկայացմամբ՝ գործի փաստական հանգամանքների համաձայն՝ քննչական մարմինը կասկածներ ունի, որ 2015-2025-ի ընթացքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնն իր կարիքների համար բժշկական պարագաներ է ձեռք բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից՝ շուկայականից բարձր գներով։ Ըստ վարկածի՝ կենտրոնը հնարավորություն է ունեցել ապրանքներն ուղղակիորեն արտադրողից կամ ներմուծողից ավելի էժան գնել, սակայն նախապատվությունը տվել է նշված ընկերություններին, ինչի արդյունքում առաջացել են առանձնապես խոշոր չափերի շահույթներ, որոնք հետագայում ենթադրաբար լեգալիզացվել են։

Էրիկ Ալեքսանյանն ընդգծել է, որ խուզարկության որոշմամբ թույլատրված է եղել առգրավել բացառապես հաշվապահական փաստաթղթեր, սևագրեր և էլեկտրոնային կրիչներ, սակայն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են նաև դրամական միջոցներ, ինչի իրավասությունը վարույթ իրականացնող մարմինը, ըստ փաստաբանի, չի ունեցել։ Նա նաև հավելել է, որ գործում բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ որևէ որոշակիացված տվյալ կամ անուն առկա չէ, և նշված տեղեկությունները հիմնված են բացառապես ԱԱԾ աշխատակցի ներկայացրած օպերատիվ տվյալների վրա, որոնք դատավարական իմաստով ապացուցողական նշանակություն չունեն։

Լրագրողների հարցին, թե արդյոք սա կարող է լինել եկեղեցու դեմ արշավի մաս, Ալեքսանյանը պատասխանել է, որ չորս ամսվա դադարից հետո իրականացվող այս գործողությունները հռետորական հարցեր են առաջացնում։ Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ վարույթները նախաձեռնվում են որոշակի «կոնսենսուսի» բացակայության դեպքում, որպեսզի անհրաժեշտ պահին լինեն իրավական հիմքեր գործողություններ կատարելու համար։ Մեկ այլ հարցի, թե արդյոք սա իշխանության ներկայացրած թեզերի շարունակությունն է, փաստաբանը նշել է, որ չի կարող որևէ բան բացառել՝ հաշվի առնելով վերջին շրջանում եկեղեցու և Վեհափառ հայրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

The post «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունը նախաձեռնվել է քրեական վարույթի հարուցումից չորս ամիս անց․ փաստաբան appeared first on CIVILNET.

Leave a comment