«Մենք սկզբունքորեն չզեկուցվող հարցերին «դեմ» ենք քվեարկում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, որ չնայած իրենք դեմ քվեարկեցին չզեկուցվող հարցերի մեջ ներառված գործակիցների փոփոխությանը, ինչը նաեւ բերելու է աշխատավարձի բարձրացման, այնուամենայնիվ, այն հաստատվեց։
«Այսինքն, մեր «դեմ» քվեարկելը պայմանավորված էր ոչ թե հատկապես այդ նախագծով, այլ առհասարակ չզեկուցվողները մեր համար անընդունելի տարբերակ են եւ մենք դեմ ենք»։
Մանուկ Սուքիասյանը նաեւ հավելեց, որ իրենք դա համարում են ԱԺ-ում, կառավարությունում աշխատավարձերի բարձրացման շքերթի շարունակությունը քաղաքապետարանում։ «Այնպես որ, միջին վիճակագրական ՔՊ-ական մոտեցում է՝ մարդկանց կյանքը թանկացնել, ծառայությունները թանկացնել, իսկ իրենց եկամուտները ավելացնել։ Իրենք ինչ եկել են, թանկացել է տրանսպորտը, գույքահարկը, «կարմիր գծերը», տեղական վճարները, քաղաքը թաթախված է խցանումների մեջ, էկոլոգիական խնդիրների մեջ, քաղաքն ունի տարաբնույթ մարտահրավերներ։ Քաղաքացու գրպանն են մտել՝ բյուջեն ավելացրել են, բայց քաղաքի խնդիրները չեն պակասել, իսկ իրենց եկամուտները ավելացել են»,-ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Մանուկ Սուքիասյանը հաստատեց դիտարկումը, որ գործակիցների հաստատման նախագիծը վերաբերում է քաղաքապետերին, տեղակալներին, վարչության պետերին, վարչական շրջանների ղեկավարներին եւ նրանց աշխատավարձի բարձրացման չափը որոշվելու է գործակիցներով։ Իսկ այն յուրայինները, որոնք առանձնապես չեն զգա իրենց եկամտի ավելացումը, եռամսյակային պարգեւատրումներ կստանան։
Ինչ վերաբերում է նրան, որ նաեւ ավագանիներին տրվող 75 հազար դրամ փոխհատուցումն էլ եռապատկվում է ու ընդդիմադիր ավագանիները այդ մասին ձայն չեն հանում, Մանուկ Սուքիասյանը ասաց. «Ես քիչ անց իմ ելույթում կանդրադառնամ դրան։ Ես ձեզ համար բացահայտում անեմ։ Ավագանու անդամների հատուցման եռապատկումը ոչ թե սահմանվում է հիմա՝ ավագանու որոշումով, այլ հուլիսին Երեւան քաղաքի մասին կայացրած օրենսդրական փոփոխություններով։ Ու դրանք արդեն իսկ օգոստոսի վերջից մտել են ուժի մեջ։ Այսինքն, իրենք իրենց նախաձեռնությամբ տարել, պառլամենտում որոշումը կայացրել են եւ հիմա աշխատավարձերին զուգահեռ, այդ հարցը բերել մտցրել են, որ նման իրավիճակում ասեն՝ «տեսեք, բա դուք…»։ Եվ արդեն նպատակային կերպով հայտարարություններ արել են այս դիմակահանդեսի համար»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: