Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ «Ինտերի» առանցքային ֆիգուրներից մեկը՝ կատարելապես ինտեգրվելով թիմային խաղին և վճռորոշ դերակատարում ունենալով դաշտում։ Շատերի համար նախանձելի երկարակեցությունը և ֆիզիկական վիճակը իդեալական պահպանելու կարողությունը ստիպում են «Ինտերին»՝ չնայած ֆուտբոլիստի տարիքին, դիտարկել պայմանագրի երկարաձգման տարբերակը։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։
Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի վերջին, սակայն կողմերը քննարկում են միլանյան ակումբում նրա 5-րդ մրցաշրջանը անցկացնելու հնարավորությունը։ Հայ կիսապաշտպանը «Ինտերին» միացել էր 2022 թվականի ամռանը՝ «Ռոմայից» հեռանալուց հետո՝ որպես ազատ գործակալ։
Չնայած «Ինտերի» սեփականատեր Oaktree ընկերության հստակ ռազմավարությանը՝ ուղղված կազմի երիտասարդացմանը, Մխիթարյանի դեպքում կարող է բացառություն արվել։ Ավելին, պայմանագրի ժամկետը սպառող մյուս վետերանների ֆոնին (Զոմեր, Աչերբի, Դե Վրեյ և Դարմիան), հենց Մխիթարյանն է այս պահին համարվում միակ թեկնածուն, ով ունի պայմանագիրը երկարաձգելու իրական շանսեր:
Ակումբի որոշման վրա, բացի տեխնիկական որակներից, ազդում է նաև տնտեսական գործոնը։ Հնարավոր նոր պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարով և զուսպ ֆինանսական պայմաններով։
Ինքը՝ Մխիթարյանը, դեռ նախորդ մրցաշրջանում հայտարարել էր, որ որոշում կկայացնի՝ ելնելով իր ֆիզիկական պատրաստականությունից։ Նա պատրաստ է շարունակել ելույթները, եթե զգա, որ կարող է օգտակար լինել։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 24 հանդիպման, որոնցից 16-ում եղել է մեկնարկային կազմում, սակայն միայն 5 դեպքում է խաղացել ամբողջ 90 րոպեն։
Այս մարտավարությունը թույլ է տալիս խնայել 37-ամյա ֆուտբոլիստի ուժերը, և «Ինտերը» ցանկանում է վայելել Մխիթարյանի խաղը։