Ազգային ժողովում ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ արցախցիները բարձրաձայնում են արցախցիների կարգավիճակի ու Արցախում թողած գույքային իրավունքի հարցերը։
«Մենք չենք տեղահանվել երկրաշարժից ու ջրհեղեղից։ Մենք տեղահանվել ենք բռնի ուժի կիրառումով։ Այս մարդիկ պետք է հստակ կարգավիճակ ունենան, այդ հարցով առաջնային խնդիրներից մեկն է՝ այդ մարդկանց ունեցվածքի ճակատագիրն Արցախում»,- ասաց արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը։
Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը (լուսանկարում) ի պատասխան ասաց․ «Մեր կառավարության քաղաքականությունը միտված է մեկ հիմնական խնդրի լուծման, որի մասին բարձրաձայնում ենք բազմիցս՝ մեր հայրենակիցները, որոնք տեղահանվել են Ղարաբաղից, իրենց տունը վերջնական գտնեն ՀՀ-ում, տնավորվեն, տեղավորվեն։ Եվ ինչ-որ մի օր, ցանկալի է հնարավորինս շուտ, ոչնչով չտարբերվեն այստեղ ժամանակին ապրած, ապրող, արարող մեր հայրենակիցներից՝ լինելով ՀՀ քաղաքացի։ Մեր ողջ քաղաքականությունը միտված է դրան։ Իհարկե, դա չի նշանակում, որ մեր հայրենակիցները չեն կարող իրենց իրավունքներն այլ կերպ իրացնել՝ միջազգային կոնվենցիաներով եւ այլն։ Բայց մենք դրանում մասնակցություն չենք ունենալու»։
Անդրադառնալով արցախցիներից հնչող դժգոհություններին, որ անշարժ գույքի գները թանկացել են, եւ մարդիկ չեն կարողանում բնակապահովման ծրագրի շրջանակներում տրամադրվող հավաստագրերի գումարով տներ գնել, Թորոսյանն ասաց․ «Որ ասում եք՝ անշարժ գույքի գները բարձրանում են, գիտե՞ք՝ ինչու են բարձրանում, որովհետեւ այս ծրագիրն ենք անում։ Այս ծրագիրը գին է բարձրացնում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: