Ազգային ժողովում ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի եւ Արցախից բռնի տեղահանված Տաթեւիկ Խաչատրյանի միջեւ։
«Բնակապահովման ծրագրում փոփոխություն նախատեսվո՞ւմ է փոքր կազմով ընտանիքների վերաբերյալ։ Անշարժ գույքի գները թռիչքաձեւ աճել են, դուք ասում եք, որ, այո, սերտիֆիկատներ են նպաստում, որպեսզի անշարժ գույքի շուկայում գները բարձրանան, բայց որեւէ լուծում չեք առաջարկում, կարծես տեղահանվածները պետք է կրեն դրա պատասխանատվությունը»,- դիմելով Արսեն Թորոսյանին՝ ասաց Տաթեւիկ Խաչատրյանը։
Արսեն Թորոսյանն ի պատասխան ասաց․ «Դուք լսո՞ւմ էիք, թե մենք ինչ էինք այստեղ խոսում այս ընթացքում, թե՞ չէիք լսում։ Ես ժամերով խոսում եմ, թե ինչ ռիսկեր կան, ինչու այս մի լուծումը կարելի է դիտարկել, մյուս լուծումը չի կարելի, դուք նորից ասում եք՝ ես այդպես էլ չլսեցի, թե փոքրաթիվ ընտանիքների համար ինչ եք որոշել։ Ոչ մի բան չենք որոշել, հենց հիմա քննարկում ենք, թե ինչ կարելի է որոշել»։
Արսեն Թորոսյանն ասաց, որ 8643 բնակապահովման հավաստագիր է հատկացվել արցախցիներին, 4991-ն էլ իրացվել է։ «Ինչքան էլ ուզում է դուք ասեք, որ չեն իրացնում, պարզվում է՝ իրենք իրացնում են սերտիֆիկատները։ Ես Երեւանի կենտրոնի անուն չեմ տվել, դուք տվեցիք, երեւի ֆիկսացիա կա այդ ամենի վրա։ Բայց, օրինակ, ո՞նց է ստացվում, որ Կոտայքի մարզում 1395 իրացում է տեղի ունեցել՝ բոլոր մարզերից ամենաշատը։ Ակնհայտ է, որ մեր հայրենակիցները նախընտրում են երեւանամերձ համայնքները»,- նշեց Թորոսյանը։
Տաթեւիկ Խաչատրյանն ասաց՝ դա այն պատճառով է, որ աշխատատեղերը Երեւանում ու երեւանամերձ բնակավայրերում են։
«Եթե ինձ չընդհատեիք, ես ինքս դա կասեի»,- արձագանքեց Արսեն Թորոսյանը։
Տաթեւիկ Խաչատրյանն արձանագրեց, որ Արսեն Թորոսյանն իր խոսքում արցախցիներին է մեղադրում։
Նա ասաց, որ առանց հավելյալ վարկի ներգրավման հնարավոր չէ հավաստագրով տուն գնել։ «Դուք ասում եք՝ ավելի ուրիշ տեղեր էլ կան, բայց դուք գալիս եք երեւանամերձ համայնքներ, մենք ասում ենք, որ բոլորն էլ ուզում են իրացնել, բայց աշխատաշուկա չկա»,- հավելեց Տաթեւիկ Խաչատրյանը։
Արսեն Թորոսյանն ի պատասխան նշեց․ «Մարդն ինքը պետք է որոշի, թե որտեղ պետք է ապրի, ոչ թե պետությունը։ Մենք չենք ուզում, որ ուրիշների փոխարեն որոշում կայացնենք»։
Միջամտեց ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը․ «Թող որեւէ կերպ տպավորություն չստեղծվի, որ անշարժ գույքի գների թանկացումը կամ ուրիշ հանգամանքներ, որոնք չեն բխում որեւէ մեկի գործողություններից, փորձ է կատարվում բարդել տեղահանված անձանց վրա։ Ես այդպիսի արտահայտություն լսեցի, ինչն ընդունելի չէ»։
Արսեն Թորոսյանը, անդրադառնալով փոքր կազմով ընտանիքների համար բնակապահովման առանձին պայմաններ սահմանելուն, ասաց․ «Փոքր ընտանիքների պրոբլեմը լուծելու հարցում ամենամեծ հարցը գիտե՞ք որն է՝ չարաշահումները։ Երբ դու փոքր ընտանիքին այլ կարգավիճակ ես տալիս, ասում ես՝ եթե դու փոքր ես, ապա քեզ տալիս եմ 5 մլն, 7 մլն, գիտե՞ք՝ ինչ տեղի կունենա, բոլոր ընտանիքները միանգամից կփոքրանան։ Կկիսվեն եւ կորոշեն, որ իրենք փոքր ընտանիք են, կասեն՝ ես իմ երկու երեխու հետ եմ ընտանիք, ես էլ իմ մյուս երկու երեխու հետ եմ ընտանիք։ Մենք այդ պրոբլեմները հասկանալով՝ պիտի այնպիսի լուծումներ տանք, որպեսզի նոր խնդիրներ չառաջացնենք։ Եկեք մտածենք, ես չունեմ բանաձեւը, թե որն է այդ հարցի լուծումը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: