Երևանի Շինարարների փողոցի կրպակներն ապամոնտաժում են. կրպակատերերը շարունակում են բողոքել

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց տեխնիկա է բերվել կրպակներն ապամոնտաժելու համար, կրպակատերերն ու վարձակալները կրկին ժամանակ են պահանջում հարցն ավելի հանգիստ լուծելու համար:

Արդեն մի քանի օր է` այդ տարածքի կրպակատերերն ու վարձակալները պայքարում են, որ իրենց խանութները չքանդեն: Վարձակալները խնդրում են իրենց ժամանակ տալ տեղափոխվելու համար, իսկ կրպակատերերը վստահեցնում են՝ իրենց գույքն օրինական է: Երկու խանութի սեփականատերեր արդեն դիմել են դատարան, որտեղ որոշում է կայացվել, որ այդ տարածքների քանդումն ապօրինի է:

«Մենք ընդամենը ժամանակ ենք խնդրում, բայց մեզ այն չեն տալիս: Փաստի առաջ եմ կանգնած այսօր»,- ասաց վարձակալ Էդիկ Ֆահրադյանը:

Կրպակատերերից Դավիթ Նահապետյանը շեշտեց՝ իրենց խանութների վրա արդեն փակցված են դատարանների որոշումները, որ իրավունք չունեն ապամոնտաժելու:

Աշխատանքները համակարգելու համար տեղում է նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ վարձակալներին աջակցելու են հետագայում, իսկ կրպակատերերի հետ էլ փոխհատուցման հարցով քննարկում կլինի, ու բոլորի հարցերը կփորձեն լուծել:

Նա նշեց, որ չեն քանդվելու են այն շինությունները, որոնք ունեն դատարանի արգելանք: Դրանք 13-ն են:

Sputnik Արմենիա

Leave a comment