Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտնել է, որ Սև ծովի բուլղարական ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու նավի, որոնցից մեկը խորտակվել է։ Սա մեկ շաբաթվա ընթացքում նմանատիպ երկրորդ միջադեպն է, գրում է Reuters-ը։
Ռադևի խոսքով՝ ուկրաինական սեփականություն հանդիսացող «Chelsea 3» նավը, որը նավարկում էր Մալթայի դրոշի ներքո, տեղական ժամանակով 1։30-ի սահմաններում երեք անօդաչու թռչող սարքի հարված է ստացել Բուլղարիայի ափերից մոտ՝ 18 ծովային մղոն (33 կմ) հեռավորության վրա։ Նավի անձնակազմը՝ Ուկրաինայի յոթ և Ադրբեջանի ութ քաղաքացիներ, փրկվել են։ Անձնակազմի հինգ անդամ բժշկական օգնություն է ստացել, սակայն նրանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։
Ռադևի խոսքով՝ խորտակված նավի անձնակազմի մեկ անդամ նույնպես փրկվել է։
«Սա բացարձակապես անընդունելի է․ հերթական հարձակումը Բուլղարիայի տարածքային ջրերի անմիջական հարևանությամբ։ Ես պետք է խոսեմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ»,- հայտարարել է Ռադևը հեռուստատեսային ուղերձում։
Նրա խոսքով՝ հարձակման հեղինակների վերաբերյալ հստակ ապացույցներ չկան, սակայն «դրա արդյունքը ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը»։ Ռադևը նաև հայտարարել է, որ միջադեպի կապակցությամբ կանչելու է Ռուսաստանի դեսպանին։
Բուլղարիան սահմանակից չէ ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ռուսաստանին, սակայն որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ ռազմավարական դիրք է զբաղեցնում Սև ծովում, որտեղ երկու երկրներն էլ ունեն խոշոր նավահանգիստներ։ Աճում են մտահոգությունները Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հիբրիդային հարձակումների վերաբերյալ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին։
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան էլ հայտարարել է, որ Բուլղարիայի տարածքային ջրերի մոտ առևտրային նավերի դեմ Ռուսաստանի վերջին հարձակումը, որի հետևանքով Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ են վիրավորվել, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Մոսկվան միտումնավոր անտեսում է քաղաքացիական անձանց կյանքն ու Սև ծովում ծովային անվտանգությունը։ Նա կոչ է արել Կիևի գործընկերներին ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, խստացնել պատժամիջոցները և վճռական քայլեր ձեռնարկել՝ նրան պատասխանատվության ենթարկելու և նավագնացության ազատությունը պաշտպանելու համար։ Սիբիհան նշել է, որ Սև ծովը համաշխարհային պարենային անվտանգության կենսական նշանակություն ունեցող ուղի է, և Ռուսաստանը հարձակվում է դրա վրա՝ սովը որպես զենք օգտագործելու և ամբողջ աշխարհին պատանդ պահելու նպատակով և դրան պետք է հակազդել վճռականությամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի