Քաղաքացի Խաժակ Թովմասյանի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման դեպքով նախաձեռնված քրեական վարույթից մեկ ամիս անց այս գործով մեղադրյալ չկա, իսկ նրա նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրած անձինք շարունակում են աշխատել ոստիկանական համակարգում։ Սա այն դեպքում, երբ Թովմասյանը հստակ անուններ էր նշել, իսկ տարածքում եղած տեսախցիկներով արձանագրված է, որ նա մինչև իրեն ձերբակալելը վնասվածքներ չի ունեցել, և դատարանն արձանագրել է նրա ձերբակալման ոչ իրավաչափ լինելը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին քաղաքացի Խաժակ Թովմասյանը Facor TV-ին ահազանգել է այն մասին, որ սեպտեմբերի 11-ին Հրազդանի ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել։ Ոստիկանության աշխատակիցը հեռախոսազանգով Թովմասյանից պահանջել է ներկայանալ ոստիկանության բաժանմունք՝ նախկին կնոջ ներկայացրած բողոքի հիման վրա։ Թովմասյանն այդ պահին եղել է Երևանում, խնդրել է ներկայանալ հաջորդ օրը։ Երևանից վերադառնալով՝ Թովմասյանը մոտեցել է Հրազդանի ոստիկանության բաժանմունքին և հեռախոսազանգով տեղեկացրել աշխատակցին, որ պատրաստ է ներկայանալ, սակայն Թովմասյանին ասել են, որ ներկայանալ պետք չէ, սպասի իրենց զանգին։
Թովմասյանի խոսքով՝ այս խոսակցությունից ընդամենը 40 րոպե անց, 10-15 ոստիկան 7-8 մեքենայով եկել են, իրեն բռնությամբ իջեցրել մեքենայից, գցել գետնին և ենթարկել դաժան ծեծի։ Բռնության ընթացքում գլուխը սեղմել են ներքև, որպեսզի նա չկարողանա տեսնել նրանց դեմքերը, և անընդհատ բռունցքներով հարվածել են գլխին։ Ծեծից հետո նրան ձեռնաշղթաներով, քարշ տալով տեղափոխել են Հրազդանի ոստիկանության բաժանմունք, ինչի հետևանքով նա ստացել է թևերի և ծնկների քերծվածքներ, գլխի, կրծքավանդակի և մարմնի բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաև կապտուկներ՝ աչքերի հատվածում։
Թովմասյանը Factor TV-ին ահազանգելով՝ նաև հայտնել էր, որ սա առաջին դեպքը չէ, երբ իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն է կիրառվում, սակայն առաջին անգամն է, որ բարձրաձայնում է այդ մասին։
Առկա են տեսագրություններ․ մինչև ձերբակալվելը Թովմասյանը վնասվածքներ չի ունեցել
Խաժակ Թովմասյանի ներկայացուցիչ, փաստաբան Սուզաննա Խչեյանի խոսքով՝ իրենք ձեռք են բերել տարածքի գազալցակայանի տեսախցիկների տեսանյութերը, որոնք ֆիքսել են, թե ինչպես է Թովմասյանի մեքենայի շրջադարձից անմիջապես հետո նրան հետապնդում ոստիկանական 4-5 մեքենայից կազմված շարասյունը, իսկ դեպքից ընդամենը 5 րոպե առաջ Թովմասյանի վրա որևէ մարմնական վնասվածք կամ արյան հետք չի եղել։
Ոստիկանության աշխատակիցները չեն հերքել Խաժակ Թովմասյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ձերբակալման արձանագրության մեջ ֆիքսվել են նրա մարմնական վնասվածքները, սակայն հայտնել են, թե իրավաչափ ֆիզիկական ուժ են կիրառել նրա նկատմամբ, քանի որ Թովմասյանը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, չի ենթարկվել օրինական պահանջներին, դիմադրել է, ինքն իրեն գետնին է խփել։ Մինչդեռ պաշտպան Սուզաննա Խչեյանի խոսքով՝ Թովմասյանի վնասվածքների բնույթը (աչքերի կապտուկներ, գլխի հարվածներ, թիկունքի և ձեռքերի քերծվածքներ) բացառում են «իրավաչափ ուժի» կիրառումը և վկայում դաժան ծեծի մասին։
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել։ Կարող է ֆիզիկական ուժ գործադրված լինի, օրինակ, թևերի շրջանում, երբ որ ենթադրենք, ցանկացել են ձերբակալել, ոտքերի շրջանում․ որպեսզի ընկնի և ձերբակալեն, բայց որ մարդու գլուխը, աչքերը, թիկունքը կապտած լինեն, ձեռքերը՝ ճղած․․․ ակնհայտ է, որ այս մարդուն գցել են գետնին, քարշ են տվել, բառիս բուն իմաստով «քացու տակ» են տվել»,- ասում է Խչեյանը։ Ըստ պաշտպանի՝ անգամ ֆիզիկական ուժ գործադրելու անհրաժեշտության դեպքում պետք է անձին հնարավորինս քիչ վնաս պատճառել։
Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը բացարձակ է
Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը մարդու հիմնարար և բացարձակ իրավունք է։ Այսինքն՝ մարդու արժանապատվության նկատմամբ այս արգելքը բացառություններ չի նախատեսում։ Այն չի կարող սահմանափակվել որևէ հանգամանքով՝ ընդհուպ՝ արտակարգ դրության, պատերազմի կամ հանցագործության մեջ անձի մեղադրվելու կամ դատապարտվելու հիմքով։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Իսկ ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը սահմանում է․
- Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
- Մարմնական պատիժներն արգելվում են:
- Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:
Պետությունը պարտավոր է ոչ միայն ձեռնպահ մնալ խոշտանգումներից, այլև արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու դրանք, ապահովելու հնարավոր խախտումների անկախ քննությունը և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին։
Չնայած այս հանգամանքին՝ պետությունը պաշտպան Սուզաննա Խչեյանի պնդմամբ՝ պատշաճ քննություն չի իրականացրել այս դեպքով։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին, սակայն մինչև սեպտեմբերի 15-ը վարույթ չի նախաձեռնվել։ Սա այն դեպքում, երբ քննիչը տեսել է նրա վնասվածքները, իսկ սեպտեմբերի 13-ին Թովմասյանն արդեն իսկ ահազանգել էր դեպքի մասին։ Այն բանից հետո միայն, երբ Թովմասյանն անձամբ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։
Քրեական վարույթի շրջանակներում փորձաքննություն է նշանակվել, սակայն եզրակացությունը դեռևս չկա։
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Թովմասյանի ձերբակալման որոշումը
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ թեև ի սկզբանե Թովմասյանին նախկին կնոջ ահազանգի հիման վրա էին զանգահարել ու կանչել Ոստիկանություն՝ նա ձերբակալվել ու ոստիկանություն է տարվել թմրանյութ պահելու կասկածանքով։ Սուզաննա Խչեյանի խոսքով՝ կասկածանքը ստուգելու ուղղությամբ որևէ դատավարական գործողություն չի իրականացվել նրա նկատմամբ․ նա չի ենթարկվել անգամ անձնական խուզարկության, նրա մեքենան չի զննվել։
Պաշտպանի խոսքով՝ փաստաբանական հարցումների միջոցով ոստիկանությունից ձեռք են բերվել տվյալներ, որոնք թույլ են տալիս պնդելու, որ իրավապահների կողմից կեղծվել է դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը։
Ըստ ոստիկանության նյութերի՝ ժամը 19:25-ին կայացվել է Խաժակ Թովմասյանին ձերբակալումից ազատելու որոշում՝ «կասկածը չհաստատվելու» պատճառաբանությամբ։ Սակայն ընդամենը 5 րոպե անց՝ ժամը 19:30-ին, արդեն արձանագրվել է նրա հարցաքննության սկիզբը քննիչի մոտ։
Ըստ պաշտպանի՝ Հրազդան քաղաքի աշխարհագրական պայմաններում, որտեղ ոստիկանության բաժանմունքը և քննչական բաժինը գտնվում են տարբեր թաղամասերում, 5 րոպեում տեղափոխվելն ու հարցաքննություն սկսելն օբյեկտիվորեն անհնար է։
Պաշտպանը Թովմասյանի ձերբակալման որոշումը բողոքարկել է դատարանում, և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալումը։
Խախտումներ են արձանագրվել նաև քննչական բաժնում
Քննիչի մոտ Խաժակ Թովմասյանը հարցաքննության է տարվել ընտանեկան բռնության ենթադրյալ դեպքով, բայց հրաժարվել է ցուցմունք տալ։ Պաշտպանը բարձրաձայնում է այն մասին, որ նրա նախկին կինը հաղորդում ներկայացնելիս Թովմասյանին մատնանշել է՝ որպես ենթադրյալ հանցանք կատարողի․ վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ ևս նա նշված է եղել որպես ենթադրյալ արարք կատարած անձ։ Այս դեպքում Թովմասյանն, ըստ պաշտպանի, պետք է օգտվեր մեղադրյալի դատավարական իրավունքներից, օրինակ՝ ի տարբերություն վկայի՝ կարող էր ունենալ պաշտպան, ծանոթանալ գործի նյութերին։ Ընդ որում, ըստ Սուզաննա Խչեյանի, քննիչը չի նախատեսել նրան հարցաքննել։ Պաշտպանը փորձել է քննիչից պարզել, թե ինչո՞ւ է որոշել հարցաքննել այն անձին, որն անսպասելիորեն ոստիկանության նախաձեռնությամբ բերվել է հարցաքննության, սակայն քննիչն այդ հարցին չի պատասխանել, միայն նշել է, որ համապատասխան բանավոր հանձնարարական է եղել և հղում կատարելով նախաքննական գաղտնիքին՝ այլ տեղեկություն չի տրամադրել։
Քննչական կոմիտեից Թովմասյանին կրկին տեղափոխել են Ոստիկանության բաժանմունք՝ ընտանեկան բռնության հիմքով «անհետաձգելի միջամտության որոշում» կազմելու համար։ Ստացվում է՝ Թովմասյանը ոստիկանություն է տարվել՝ թմրանյութ պահելու կասկածանքով, բայց կասկածը չի հաստատվել, ապա տեղափոխվել Քննչական կոմիտե՝ մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում, իսկ հետո նորից տարվել Ոստիկանություն՝ վարչական իրավախախտման շրջանակներում անհետաձգելի միջամտության որոշում կազմելու համար։
Բաժնից ազատ արձակվելուց հետո քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է. նա 2 անգամ ուշագնաց է եղել։ Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ համակարգչային տոմոգրաֆիայի սարքավորման բացակայության պատճառով ուղեգրել են Երևան։ Հատկանշական է, որ ոստիկանները փորձել են հիվանդանոցից նրան նորից տանել բաժանմունք, ինչից Թովմասյանը հրաժարվել է։
Խաժակ Թովմասյանն անուններ է հայտնել
Պաշտպանի խոսքով՝ Խաժակ Թովմասյանն իր նկատմամբ վերաբերմունքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կոնկրետ ոստիկանների անուններ է նշել։ Նրանցից մեկն, ըստ պաշտպանի, Ռոման Հարությունյանն է։ Թովմասյանը Ոստիկանության այս աշխատակցին մատնանշել է որպես իր նկատմամբ բռնություն գործադրած անձի։ Նա մատնանշել է նաև Արամ անունով մեկին։
Մեկ այլ աշխատակից, որի ազգանունն Առաքելյան է, կայացրել է Թովմասյանին ձերբակալումից ազատելու որոշումը և առնվազն տեսել է նրա մարմնական վնասվածքները։ Թովմասյանը նաև նշել է, որ տեսնելու դեպքում կճանաչի նաև մյուսներին։ Պաշտպան Սուզաննա Խչեյանի խոսքով, սակայն, մինչև այս պահը Թովմասյանին որևէ դատավարական գործողության շրջանակում որևէ ոստիկան չի ներկայացվել։
Սուզաննա Խչեյանը վստահ է․ եթե քաղաքացին նմանատիպ բռնություն գործադրեր ոստիկանների նկատմամբ, 2 օրվա ընթացքում նրա նկատմամբ կալանավորման միջնորդություն կներկայացվեր դատարան։ Մինչդեռ ոստիկանները չեն ենթարկվել որևէ դատավարական հարկադրանքի, նրանց նկատմամբ չի կիրառվել խափանման միջոց, և նրանք շարունակել են ամեն օր հանգիստ ներկայանալ աշխատանքի։
Միջադեպից հետո ոստիկանությունից հայտնել էին, որ ծառայողական քննություն է սկսվել։ Այժմ ոստիկանությունից հայտնում են, որ ծառայողական քննությունը կասեցվել է, քանի որ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել։
Արաքս Մամուլյան