Վարձակալ․ Մարդկանց 25-30 տարվա աշխատանքը մի ստորագրությամբ քանդում են

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց տեխնիկա է բերվել՝ առևտրային կրպակներն ապամոնտաժելու համար: Կրպակատերերը բողոքի ակցիա են իրականացնում՝ փորձելով կանխել իրենց խանութների քանդումը:

Բողոքի ակցիայի ժամանակ կրպակներից մեկի վարձակալը նշել է, որ նախքան շինությունների ապամոնտաժումը պետք է իրականացվեր դրանց գնահատում, ապա միայն բանակցություններ տարվեին սեփականատերերի հետ։

«Եթե արդեն քանդեցին շինությունը, ո՞վ է գնահատելու։ Պետք է գնահատող կազմակերպությունը գար, նախ գնահատեր, հետո նոր բանակցություններ տարվեին։ Հիմա, որ քանդեն, կարող են ասել՝ սա պատ չէր, սա ժեշտ էր, և մենք չենք կարողանա ապացուցել»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ հնարավոր էր նախապես բանակցություններ վարել սեփականատերերի հետ՝ նախքան ապամոնտաժման աշխատանքները սկսելը։

«Կարելի էր նախապես բանակցել մարդկանց՝ սեփականատերերի հետ։ Ես սեփականատեր չեմ, վարձակալ եմ, իմ խանութն արդեն իմ ձեռքով քանդել եմ և հիմա դադարում եմ որպես վարձակալ խոսելուց։ Ես հիմա խոսում եմ սեփականատերերի շահերից, որովհետև սիրտս ցավում է․ մարդիկ 25-30 տարի իրենց ընտանիքի, իրենց երեխաների բերանի հացը կտրել են, կառուցել են, որ այսօր՝ ծերության տարիքում, մի շինություն ունենան»,- ընդգծել է քաղաքացին։

Alpha News

Leave a comment