Եվրամիությունը Երևանում նախանշված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում (COP17) կոչ կանի արագացնել բնության պահպանության միջազգային հանձնառությունների իրականացումը և ավելացնել պետական ու մասնավոր ֆինանսավորումը։
Հոկտեմբերի 12-ին ԵՄ շրջակա միջավայրի խորհուրդը հավանություն է տվել ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության COP31 և կենսաբազմազանության COP17 համաժողովների համար Միության հիմնական բանակցային դիրքորոշումները սահմանող եզրակացություններին, հայտնում է Factor.am-ը:
ԵՄ-ն COP17-ում կպնդի, որ կենսաբազմազանության պաշտպանության շուրջ արդեն համաձայնեցված հավակնությունների մակարդակը չնվազեցվի։
«Մի ժամանակաշրջանում, երբ թե՛ բազմակողմ համագործակցությունը, թե՛ բնության պահպանությունը փորձության են ենթարկվում, ԵՄ-ն շարունակում է հաստատակամորեն հավատարիմ մնալ COP17-ում կենսաբազմազանության համար դրական արդյունքների հասնելուն։ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակով համաձայնեցված հավակնությունների մակարդակը չի կարող նվազեցվել»,- հայտարարել է ԵՄ Խորհրդում նախագահող երկրի՝ Իռլանդիայի բնության, ժառանգության և կենսաբազմազանության հարցերով պետնախարար Քրիստոֆեր Օ’Սալիվանը։
Պաշտոնյայի ներկայացմամբ՝ Եվրամիությունը մտադիր է միջազգային գործընկերներին հորդորել առավել արագ և համակարգված քայլեր ձեռնարկել բնության պահպանության ուղղությամբ՝ այդ գործընթացում ներգրավելով ինչպես տնտեսական գործունեության բոլոր ճյուղերը, այնպես էլ հասարակության տարբեր հատվածները։
ԵՄ-ի հաստատած բանակցային մոտեցմամբ՝ կենսաբազմազանության պաշտպանությունը պետք է դառնա տարբեր ոլորտների քաղաքականությունների և կարգավորումների անբաժանելի բաղադրիչ։ Միաժամանակ ընդգծվել է, որ համապատասխան որոշումների ընդունման հիմքում անհրաժեշտ է դնել գիտականորեն հիմնավորված և վստահելի տվյալները։
Եվրամիության խորհուրդը կլիմայական փոփոխություններն ու կենսաբազմազանության նվազումը գնահատել է որպես միմյանց հետ անմիջականորեն առնչվող երկու ճգնաժամային երևույթ։ Այս համատեքստում առանձնակի կարևորվել է Փարիզյան համաձայնագրով և Կենսաբազմազանության գլոբալ շրջանակով ամրագրված հանձնառությունների իրականացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը։
Նախանշված երկու միջազգային համաժողովներում՝ COP17-ում և COP31-ում, Եվրամիությունը հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու է արդեն ստանձնված պարտավորությունները գործնական ու չափելի քայլերի վերածելու վրա։ Այդ նպատակին հասնելու կարևորագույն միջոցներից մեկը դիտարկվել է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո բազմակողմ համագործակցության ամրապնդումը։
Կլիմայի փոփոխության հարցերին նվիրված COP31 համաժողովի անցկացումը նախատեսված է նոյեմբերի 9-ից 20-ը՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Այդ հանդիպման ընթացքում Եվրամիությունը մտադիր է առաջ մղել Փարիզյան համաձայնագրով սահմանված ազգային կլիմայական ծրագրերի արդյունավետ կատարման, հանածո վառելիքի օգտագործումից աստիճանաբար հրաժարվելու և մաքուր էներգետիկ համակարգերի անցումն արագացնելու պահանջները։
ԵՄ անդամ երկրների նախարարները նաև ընդունել են, որ Երկրի միջին ջերմաստիճանի բարձրացումը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 1․5 աստիճան Ցելսիուսի սահմանային ցուցանիշը։ Միաժամանակ նրանք ընդգծել են գլոբալ տաքացման յուրաքանչյուր լրացուցիչ աճը հնարավորինս սահմանափակելու անհրաժեշտությունը և կոչ են արել, առաջնորդվելով հասանելի լավագույն գիտական հետազոտություններով, վերադառնալ ջերմաստիճանի բարձրացումը նշված շեմին համապատասխան պահելու ուղեգծին։
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։ Երկու տարին մեկ անցկացվող համաժողովում առաջին անգամ գլոբալ մակարդակով կգնահատվի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ուղղությամբ համատեղ առաջընթացը։ Շրջանակը ներառում է մինչև 2030 թվականը սահմանված 23 թիրախ՝ ուղղված կենսաբազմազանության կորստի կասեցմանը։