Մեսրոպ Մանուկյանը կրպակների քանդման հարցով հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Երևանի Շինարարների փողոցում քաղաքապետարանի կողմից ապամոնտաժվող կրպակների սեփականատերերի իրավունքների պաշտպանության նախաձեռնությանը միացել են նաև պատգամավորներ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հետ դեպքի վայր են ժամանել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Հարություն Մնացականյանն ու Հայկ Ֆարմանյանը, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։

Մեսրոպ Մանուկյանը հայտնել է, որ արդեն դիմել է ոստիկանություն՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում, գրում է Panorama.am-ը:

Նրա պնդմամբ՝ կրպակներն ապօրինի կերպով քանդվում են՝ չնայած դրանց նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքին։ Սակայն ոստիկանության աշխատակիցներից ոչ մեկը չի ներկայացել ենթադրյալ «հանցագործության» վայր։ Պատգամավորը Հարություն Մնացականյանին առաջարկել է նույնպես զանգահարել իրավապահներին՝ ընդգծելով, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը գտնվում է ապամոնտաժվող կրպակներից ընդամենը 50 մետր հեռավորության վրա։

Երկրորդ ահազանգից մոտ 15 րոպե անց ոստիկանության ծառայողները վերջապես ժամանել են դեպքի վայր և տեղեկացրել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդումն ընդունելու հնարավորություն ունեն բացառապես ստորաբաժանման վարչական շենքում։

Դրանից հետո պատգամավորները ոտքով շարժվել են դեպի ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման շենք և ներս մտել՝ հաղորդում ներկայացնելու նպատակով։ Որոշ ժամանակ անց նրանցից երեքը դուրս են եկել՝ պարզաբանելով, որ ոստիկանների պահանջով միևնույն դեպքի առնչությամբ հաղորդում կարող է ներկայացնել միայն մեկ պատգամավոր։ Այդ գործընթացը ստանձնել է Մեսրոպ Մանուկյանը։

Ոստիկանության ստորաբաժանման շենքից դուրս գալուց հետո Մանուկյանը հաստատել է, որ իրավապահ մարմնին առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է փոխանցել։

«Պաշտոնական դիրքի չարաշահում, որը զուգորդվել է այն հանգամանքով որ, պլանավորվել է քաղաքացիների գույքին առանձնակի խոշոր չափերի վնաս հասցնել, դրան գումարած նաև հանցագործություն արդարադատությանը խոչընդոտելու փաստով, քանի որ եղել է օրինական ուժի մեջ մտած դատական որոշում և գիտակցելով որ կա օրինական որոշում, փորձել են խոչընդոտել արդարադատությանը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը;

Մանուկյանը նկատել է, որ քաղաքային իշխանությունները կարծում են որ երկրում չի գործում օրենքը, չկա դատական ակտը, ինչը ցույց է տալիս որ Եվրոպա ձգտող իշխանությունների մոտ ամեն ինչ կեղծ է։

Նա ենթադրել է, որ Տիգրան Ավինյանն իր ենթականերին «վատ դասեր է տալիս, ինչպես ինքն է դաստիրակլվել «համբալ» ասող իր հոր կողմից»:

«Վարչական շրջանի ղեկավարն էլ իրենց քրտինքով վաստակած սեփականատերերին անվանում էր «բուտկչիներ», ինձ էլ՝ «բուտկի, բուտկչիների պաշտպան»,-ասել է պատգամավորը:

Կրպակատերերը մի քանի օր առաջ տեղեկություն են ստացել, որ հոկտեմբերի 13-ին նախատեսվում է քանդել իրենց առևտրային տաղավարները։ Նրանց հավաստմամբ՝ խանութների նկատմամբ ունեն սեփականության իրավունքը հաստատող համապատասխան վկայականներ։ Չնայած դրան՝ քաղաքային իշխանությունները որոշել են իրականացնել ապամոնտաժումը՝ սեփականատերերին չտրամադրելով բավարար ժամանակ որոշման հիմքերն ուսումնասիրելու և այն օրենքով սահմանված կարգով վիճարկելու համար։

Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հանրային շահը բոլոր դեպքերում գերակայում է մասնավոր շահին։ Նա վերահաստատել է կրպակներն ապամոնտաժելու քաղաքային իշխանությունների մտադրությունը՝ ընդգծելով, որ մայթերը պետք է վերադարձվեն Երևանի բնակիչներին։

Leave a comment