Կիբեռանվտանգության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, և գրանցված արդյունքները չեն կարող համարվել լիարժեք բավարար։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում հանցավորության միտումները գնալով տեղափոխվում են առցանց տիրույթ, իսկ մի շարք հանցավոր գործողություններ իրականացվում են արտերկրից, ինչը էապես բարդացնում է թե՛ դրանց բացահայտումը, թե՛ հետագա վարույթի արդյունավետ կազմակերպումը։
«Հիմնականում փորձել ենք ակտիվացնել մեր միջազգային գործընկերությունը։ Ունենք համագործակցություն հատկապես կրիպտոշրջանառություն ապահովող տարբեր հարթակների հետ և կարողանում ենք մի շարք հանցագործություններ բացահայտել հենց այդ համագործակցության արդյունքում, բայց կարիք ունենք ավելի ինտենսիվացնելու աշխատանքները, որովհետև որոշ հարթակներ դուրս են մնում մեր համագործակցության դաշտից»,-նշեց Սարգսյանը։
Նախարարի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարում բացահայտվել են չորս խոշոր ներդրումային խմբեր, որոնք զբաղվել են կիբեռհանցագործությամբ։ Նրա խոսքով՝ սա նոր ձևավորված կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության մասնագիտացված աշխատանքի արդյունք է։
«Մի շարք դեպքերում կարողացել ենք կանխարգելել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կատարվող խարդախությունները։ Ունենք բացահայտված չորս խոշոր խումբ»,-ընդգծեց նա։
Սարգսյանը նաև փաստեց, որ բազմաթիվ դեպքերում քաղաքացիները դարձել են խարդախության զոհ՝ անձնական կամ բանկային տվյալները ինքնակամ փոխանցելով անհայտ անձանց, որոնք ներկայացել են որպես ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ կամ պատգամավորներ։
Նրա խոսքով՝ եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ փոխանցումներ են կատարել իրենց հաշիվներից՝ վստահելով կեղծ ներկայացված անձանց։
Նախարարն ընդգծեց, որ տարվա ընթացքում իրականացվել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում կանխարգելվել են մի շարք խոշոր՝ մի քանի տասնյակ միլիոն դրամների հասնող խարդախության դեպքեր։
«Մեր տված խորհուրդների արդյունքում քաղաքացիները պարզապես չեն դարձել հանցավորության զոհ»,-հավելեց նա։
ՆԳ նախարարի գնահատմամբ՝ կիբեռանվտանգության ոլորտում աշխատանքները շարունակական բնույթ են կրելու՝ միջազգային համագործակցության խորացման և կանխարգելիչ միջոցառումների ուժեղացման ուղղությամբ։