«Մինչև Արցախի կորուստը՝ ՀՀ պետական բյուջեից Արցախին տարեկան շուրջ 120 միլիոն դոլար է տրամադրվել, հիմա էլ տրամադրեք, ինչո՞ւ եք նոր վարկ վերցնում»․ Հայկ Ֆարմանյան

«Հենց իրենց հնչեցրած թվերը համադրում ենք, այսինքն՝ վարկային միջոցները բաժանած համապատասխան ընտանիքների քանակի վրա, դա այսօրվա իրականության հետ բացարձակ կապ չունի: Այսինքն՝ նախ դրանով խնդիր չի լուծվում, սա մեկ։ Երկրորդ՝ շատ պարզ հարց հնչեցրեցի՝ նախկինում՝ մինչև 2020 թվականը, մինչև Արցախի կորուստը, պետական բյուջեից Արցախին տրամադրվել է, պաշտպանական ծախսերը հանած, տարեկան շուրջ 120 միլիոն դոլար, իսկ դրանից հետո՝ 2021-2022 թվականներին, պլանավորված է եղել մինչև 144 միլիարդ դրամ, ինչն ահռելի թիվ է։ Եվ պարզ հարց է հնչում իմ կողմից, երբ ասում ենք՝ եթե նախկինում տրամադրում էիք այդ գումարները, հիմա տրամադրեք, ի՞նչ տարբերություն, ինչո՞ւ եք նոր վարկային բեռով ծանրաբեռնում մեր հարկատուներին: Այս հարցի պատասխանը չկա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը՝ անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի համար կառավարության կողմից վարկային միջոցներ ներգրավելու հարցին։

«Մենք դեմ չենք, որ բռնի տեղահանված արցախահայ մեր հայրենակիցները ունենան բնակարան, բայց դրանով խնդիր չի լուծվում։ Եվ ձեռնպահ քվեարկելը ընդամենը զուտ քաղաքական որոշում է՝ ցույց տալու համար, որ մենք դեմ չենք, բայց նաև կողմ էլ չենք, որովհետև նախ մեր հարցերը չունեն պատասխան, և դրանով խնդիրները չեն լուծվում»,- հավելեց Ֆարմանյանը։

Նա նշեց՝ պարտքը մի բան է, պարտքի գինը՝ այլ բան։ Հայաստանի բյուջեով 2025 թվականին, հիմա էլ նույն միտումները կան, միայն պարտքի սպասարկման տոկոսների վճարմանն ուղղված միջոցները կազմում են մեր ՀՆԱ-ի 3%-ը, ինչը երկու անգամ ավելի է, քան Վրաստանում և երեք անգամ ավելի է, քան Ադրբեջանում։

«Այսինքն՝ ստանդարտ կենցաղային օրինակի վրա փորձեմ պրոյեկտել. երկու վարկառու, պատկերացրեք, մեկը ունենա տարեկան 60%-անոց վարկ, իսկ մյուսն ունենա, ասենք, տարեկան 11%-անոց վարկ: Հիմա կարո՞ղ ենք ասել, որ երկուսն էլ նույն վարկն ունեն: Իհարկե ոչ։ Այսինքն՝ գոյություն ունի վարկի բեռ հասկացություն, կամ այդ նույն տոկոսավճարները, կրկնում եմ, ՀՆԱ-ի 3%-ն են, որը ահռելի թիվ է։ Սրա մասին ենք մենք խոսում, իսկ իրենք անընդհատ ի՞նչ են ասում։ Եթե նորից նույն այդ կենցաղային օրինակով փորձենք բացատրել, պատկերացրեք ընտանիք, որ ասում է՝ ես գումար եմ վաստակում, ունեմ հսկայական միջոցներ, ու անընդհատ վարկ է վերցնում։ Հիմա հենց այդ հարցը տալիս ենք, ասում են՝ իսկ ինչու՞ այդ նույնը չենք ասում գումար աշխատող բիզնեսմենի վրա, և մեր քաղաքական առաջնորդին են օրինակ բերում։ Բայց բացարձակ տեղին չէ այդ համեմատությունը»,- հավելեց նա։

Ֆարմանյանի խոսքով՝ մարդիկ ուզում են իմանալ՝ եթե կա 6-7% տնտեսական աճ, հսկայական գումարներ են մտնում երկիր, պետական եկամուտների հավաքագրումը գերակատարվում է, ո՞րն է անդադար վարկեր վերցնելու իմաստը։ «Մենք սրա մասին պարզ հարց ենք տալիս, որը չունի պատասխան։ Մենք մեր տարածաշրջանում հարևան երկրների հետ պետք է համեմատվենք՝ Ադրբեջանի և Վրաստանի։ Վրաստանում կամ Ադրբեջանում ի՞նչ արժի այդ պետական պարտքը, մեր մոտ ի՞նչ արժի։ Ես նորից կրկնեմ՝ Ադրբեջանից երեք անգամ թանկ արժե Հայաստանում, մեր հարևան Վրաստանից՝ երկու անգամ մոտավորապես։ Վարկի միայն տոկոսների սպասարկմանն ուղղված գումարների մասին եմ ես խոսում»,- նշեց նա։

Անդրադառնալով վառելիքի գների աճին՝ Հայկ Ֆարմանյանն ասաց, որ այս պահին թանկացումը պայմանավորված է միջազգային գործոններով: Միջազգային շուկայում վառելիքը թանկացել է, նաև կարևոր է հաշվի առնել վերամշակվող վառելիքը, որը Ռուսաստանից է հիմնականում ներմուծվում շուրջ 70 և ավել տոկոսով։ Բնականաբար, դա չի կարող չազդել մեր շուկայի վրա:

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment