Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենիի հետ այսօրվա հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և հասարակական կարգի պահպանման բնագավառներում, բարձր մակարդակի համագործակցության իրականացման կարևորությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը վստահություն է հայտնել, որ Իրանի ՆԳՆ պատվիրակության այցը հաջող կլինի, և այն գնահատել է որպես երկկողմ շփումների շարունակություն։
Էսկանդար Մոմենին, իր հերթին, շեշտել է, որ Իրանի նախագահը հատուկ կարևորություն է տալիս երկու երկրների համապատասխան կառույցների միջև հարաբերությունների զարգացմանը։
Իրանի ներքին գործերի նախարարն Ադրբեջանի ղեկավարին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության վերացմանն ուղղված բանակցությունների մասին։
Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Էսկանդար Մոմենին բանակցություններ է վարել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հետ։ Ըստ Mehr գործակալության՝ Մոմենին այս այցը համարել է շրջադարձային կետ երկու երկրների միջև հետագա փոխգործակցության համար։
«Երկու երկրներին նախ անհրաժեշտ է փոխըմբռնման հուշագիր՝ անվտանգության համաձայնագրի հասնելու համար, և այս հարցը կարող է լուծվել երկու նախարարությունների միջև սերտ փոխգործակցության միջոցով»,- ասել է նա։
Նշելով, որ կիբերհանցագործությունը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը սահմաններ չեն ճանաչում՝ Մոմենին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել կազմակերպված հանցավորության, կիբերհանցագործության և թմրանյութերի դեմ պայքարի հարցերում։
Բանակցությունների թեմաներից մեկը եղել է անօրինական միգրացիան։ Մոմենին հայտարարել է, որ ներկայում Իրանի տարածքում ավելի քան վեց միլիոն օտարերկրյա քաղաքացի կա։ Նրա խոսքով՝ նրանց մի մասն Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում է որպես տարանցիկ երկրներ՝ դեպի Եվրոպա հետագա տեղափոխման համար։ Այս կապակցությամբ իրանցի նախարարը կարևորել է անօրինական միգրացիայի դեմ պայքարի համատեղ միջոցառումների անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև սահմանով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացման, առևտրի զարգացման, ինչպես նաև սահմանամերձ շրջանների միջև տնտեսական կապերի ամրապնդման հարցերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի