«Կամ դա անենք հանձնաժողովի շրջանակներում, կամ պետք է ստեղծվի նոր քննիչ հանձնաժողով»․ Նարեկ Կարապետյանը՝ բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով

«Շաքիից առաջ մենք Սյունիքում ևս մեկ խնդիր ենք ունեցել։ ԱԺ-ն պետք է ամեն ինչ անի, թափանցիկությունը պետք է ապահովենք, պատասխանատուներին հասկանանք, կամ դա անենք հանձնաժողովի շրջանակներում, կամ պետք է ստեղծվի նոր քննիչ հանձնաժողով»,- ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ կարևորելով բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։

Տեղեկացրել ենք՝ 4 ընդդիմադիր պատգամավորներ պահանջում էին, որպեսզի հանձնաժողովը հրավիրի ՊՆ նախարարին, ՆԳ նախարարին և ԱԱԾ տնօրենին ու պահանջի պարզաբանում այն մասին, թե «Պաշտպանության մասին», «Պետական սահմանի մասին», «ԱԱԾ-ի մասին» և հարակից օրենքների և դրանց հիման վրա ընդունված օրենքներով ո՞ր կարգավորումներն են խախտվել, որոնք հանգեցրել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելուն, և ինչով է պայմանավորված վերջինիս՝ ժամանակին չհայտնաբերվելը»։

Նարեկ Կարապետյանն ասաց՝ պետք է տեսնենք՝ պաշտպանության հանձնաժողովի արձագանքը․ «Ժողովուրդը պետք է իմանա, մենք պետք է իմանանք՝ ով է պատասխանատու, հասկանանք՝ որ համակարգն է պատասխանատու»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց․ «Վաղը մյուս օրը հազար հարցեր են առաջանալու։ Քննչական կոմիտեն միշտ էլ պարզաբանումներ տվել է պատգամավորներին, բազմաթիվ քրեական գործերով հարցումներ եմ արել։

Որևէ արգելք չկա նախաքննական փուլում։ Էդ ադրբեջանցի զինվորը, որ անցել է, ի վերջո վաղը գերատեսչությունների ղեկավարները, որ գան՝ Գլխավոր շտաբի պետին եմ քննադատելու ոչ կարգապահական վիճակի համար, թե՞ ԱԱԾ տնօրենին՝ սահմանապահ զորքերի ենթակայության պատասխանատուին։ Ինձ համար մինչև հիմա հարցական է՝ ում տնօրինության սահմանով է անցել այդ զինվորը՝ զինված ուժերի՞, թե՞ սահմանապահ զորքերի»։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment