«Չորս պատգամավորով առաջարկել ենք պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով հանձնաժողովի մեկ որոշում․ Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի հետ կապված վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին։ Նկատի ունենալով ստեղծված վիճակը՝ առաջարկում ենք որոշման նախագիծ»,- ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ՊՆ նախարարից, ՆԳ նախարարից և ԱԱԾ տնօրենից պահանջել գրավոր պարզաբանում այն մասին, թե «Պաշտպանության մասին», «Պետական սահմանի մասին», «ԱԱԾ-ի մասին» և հարակից օրենքների և դրանց հիման վրա ընդունված օրենքներով ո՞ր կարգավորումներն են խախտվել, որոնք հանգեցրել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելուն և ինչով է պայմանավորված վերջինիս՝ ժամանակին չհայտնաբերվելը․ «Գրավոր պարզաբանումները ստանալու՝ օրենքով նախատեսված վերջնաժամկետից հետո հանձնաժողովում պահանջում ենք անցկացնել քննարկում նշված մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ»։
ՔՊ խմբակցության պատգամավորների մեծ մասը դեմ էր այս նախաձեռնությանը, այն կարծիքին էին, որ քննությունը դեռ չի ավարտվել, պատասխանատու պաշտոնյաները չեն կարողանալու պատասխանել պատգամավորների հարցերին։
ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը, հղում կատարելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարություններին, թե դեռ ուսումնասիրություն է ընթանում, ասաց․ «Պետք է բանավոր հասկանալ՝ ուսումնասիրությունն ավարտվե՞լ է, թե՞ ոչ, հետո նախաձեռնել հանձնաժողովի անունից կամ առանձին պատգամավորի անունից հարցում։ Չէի ուզի գործընթացը կազմակերպենք, որի պատասխանը կլինի պատկան մարմինների կողմից, որ քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Անիմաստ ու ժամանակավրեպ քայլ չանենք»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նշեց՝ ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ մշտական հանձնաժողովը նաև խորհրդարանական լսումներ հրավիրի․ «Քանի որ այս խնդիրն ունի հանրային մեծ հնչեղություն, փակ ձևաչափով քննարկումը բավարար չէ, հանրությանը կարևոր է հասկանալ այս խնդիրների պատճառը, մանավանդ սա առաջին դեպքը չէ»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն ահազանգեց․ «Այս միջադեպից հետո իրապես կա մարդկանց մոտ հստակ անհանգստություն՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։ Եվ այս հարթակն այն է, որ մենք կարող ենք հանձնաժողովների անդամներով իրենց ամբողջական գործիքը կիրառել։ Հստակ առաջարկ է հնչում՝ ինչու հետաձգել, եթե հիմա էլ կարող են հենց հստակ օր ու ժամ նշանակել և հրավիրել համապատասխան պաշտոնյաների՝ առավել ևս այս մտահոգությունները մեծ են այն բանից հետո, երբ ԱԺ-ում կառավարության ղեկավարը 4 ժամ ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությունն էր իրականացնում»։
Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանն ասաց․ «Այդ նույն մտահոգությունը ես ունեմ՝ որպես Երևանի բնակիչ»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ առաջարկի հետ կապված ասաց․ «Ոչ մի կոպեկ արժեք չունի այստեղ այդ մարդկանց հրավիրելը»։
Էդգար Ղազարյանը հստակեցրեց․ «Ես մատնանշեցի երեք ձևաչափի քննարկում՝ քննարկում հանձնաժողովում՝ լիազոր պաշտոնյաների մասնակցությամբ, խորհրդարանական լսումներ և քննիչ հանձնաժողով։ Այս երեք ձևաչափերից ո՞րն եք համարում առավել ընդունելի հանրությանը հուզող՝ այս հարցի քննարկման համար»։
Վիլեն Գաբրիելյանն ասաց՝ ամենաընդունելի ձևաչափն այն է, որ հանձնաժողովը հրավիրի մեր գործընկերներին հանձնաժողովի հետ աշխատանքային քննարկման ու նշեց․ «Առաջարկը հետ կանչեք, մենք պայմանավորվենք, թե որ օրը, ինչ ձևաչափով ենք հրավիրում մեր գործընկերներին»։
Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Եթե մինչև շաբաթվա վերջ կարող եք կանչել, հետ կկանչենք։ Կսպասենք՝ լուր տաք, թե երբ են գալու»։
Հանձնաժողովը քվեարկություն չկազմակերպեց։ Այս պայմանավորվածությամբ նիստն ավարտվեց։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: