ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանումներ է ներկայացրել COP17 համաժողովի կազմակերպման ծախսերի և գնումների ընթացակարգերի վերաբերյալ՝ ի պատասխան Ազգային ժողովում հնչած հայտարարությունների:
Նշվել է, որ գնումները կատարվում են ըստ ՄԱԿ-ի չափորոշիչների:
Նշվում է, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների գնահատմամբ։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները տարվա ընթացքում բազմիցս այցելել են Հայաստան, անձամբ ուսումնասիրել և գնահատել հնարավոր տարածքները, ընտրել համաժողովի անցկացման համար համապատասխան վայրերը, ինչպես նաև ներկայացրել դրանց վերափոխման, տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների և անվտանգության ապահովման պարտադիր պահանջները։
Հետևաբար, տարածքների ընտրությունն ու դրանց հարմարեցման աշխատանքները չեն իրականացվել ՀՀ կառավարության հայեցողությամբ, այլ պայմանավորված են եղել նման մասշտաբի միջազգային համաժողովի կազմակերպման համար ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներով և պահանջներով։
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։
«Կարևոր ենք համարում ընդգծել, որ COP17-ի կազմակերպման շրջանակում բոլոր գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխան, և Հայաստանը՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր, պարտավոր է պահպանել այդ չափորոշիչները՝ առանց դրանցից շեղվելու։
ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի № 1187-Ա որոշմամբ թույլատրվել է համաժողովի կազմակերպման մասնագիտացված ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման ձևով։
Չնայած դրան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է հրապարակային նախաորակավորման գործընթաց՝ ապահովելու մրցակցային միջավայր և ընտրության թափանցիկություն։
2025 թվականի օգոստոսի 25-ին նախարարության պաշտոնական հարթակներում հրապարակված հայտարարությանը հայտ է ներկայացրել 12 կազմակերպություն, այդ թվում՝ 2 օտարերկրյա։ Սահմանված պահանջներին համապատասխանող 10 կազմակերպությունների ցանկը փոխանցվել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը։
Ցանկը փոխանցելուց հետո կազմակերպությունների ընտրության և գնահատման գործընթացն իրականացվել է ՄԱԿ-ի կողմից՝ առանց Շրջակա միջավայրի նախարարության միջամտության։ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը հատուկ այդ նպատակով ժամանել է Հայաստան, անձամբ հարցազրույցներ է անցկացրել ցանկում ընդգրկված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և իրականացրել դրանց գնահատումն ու ընտրությունը։
Այսպիսով, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրությունը նախարարության միանձնյա որոշման արդյունք չի եղել»,-ասվում է պարզաբանման մեջ:
Նախարարությունը հավելել է, որ առանց որևէ ընտրության գործընթացի կազմակերպություն ընտրելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
«COP17-ի կազմակերպման գործընթացը պետք է գնահատել ոչ թե կամայական շուկայական համեմատություններով, այլ միջազգային համաժողովի անցկացման համար սահմանված տեխնիկական, կազմակերպչական և անվտանգության պահանջների համատեքստում»,- ասվում է հայտարարությունում։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Մանուկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների ձեռքբերման համար ծախսել է մոտ 290 միլիոն դրամ: որպես օրինակ նա նշել էր, որ պետությունը ձեռք է բերել 19 հազար 700 հատ բեյջի թել՝ յուրաքանչյուրը 1248 դրամով:
«Երեկ ամբողջ օրը ես ու գործընկերս շուկայում 55 դրամը գերազացող բեյջի թել չկարողացանք գտնել։ Հանուն արդարության շուկայի մասնագետներն ինձ ասացին, որ ամենալավ որակի, ամենաթանկ բրենդային տպագրությամբ բեյջի թելը կարժենա 600 դրամ։ Այս գնով կարելի է բեյջի թելի արտադրություն դնել»,-ասել է նա։