«Եթե իրենք ուզում են, որպեսզի ռուսական ռազմաբազան շարունակի մնալ ՀՀ տարածքում, շատ լավ, ուրեմն կվերանայենք պայմանները»․ Տարոն Չախոյան

«Եթե մի փոքր ուշադիր լինեք, հավանաբար նկատած կլինեիք, որ այդ շահարկումները որպես այդպիսին բավականին էժանագին են, որովհետև այդ մարդիկ մատնանշում էին, ասում էին, օրինակ, COP-ի համար նախատեսված աթոռներին ինչո՞ւ եք վճարել 16 000 դրամ: Գիտեք, շատ ծիծաղելի է այս ամենը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուրջ 190 երկրի ներկայացուցիչներ են գալու Հայաստանի Հանրապետություն, գրեթե ողջ աշխարհով լուսաբանվելու է միջոցառումը։ Եվ երբ մարդիկ շահարկում են, ասում են՝ ընդամենը 16 000 դրամ փող եք տվել այդ աթոռներին, լավ, այդ դեպքում ո՞նց էին պատկերացնում՝ այդ ամեն ինչը կազմակերպեի՞նք, ասենք՝ պլաստմասից էժանագին աթոռների վրա՞, երևի կոկա-կոլայի գովազդով այն հայտնի զոնտիկների տա՞կ այդ հանդիպումները կազմակերպեինք»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին՝ COP17-անցկացման համար իրականացված գնումների մասին։

«Կամ, ասենք, մեզ մեղադրում են այն հարցում, որ կոնֆերանսի համար նախատեսված սեղաններին տվել ենք 75 000 դրամ: Պատկերացնում եք երևի, որ կոնֆերանսի համար նախատեսված սեղանները որպես այդպիսին բավականաչափ չափսերով մեծ են, թեկուզ եթե նույնիսկ նախատեսված են ընդամենը 10 հոգու համար, այդ սեղանների արժեքը նորմալ է, որ լինի 75 000 դրամ: Ձեզանից յուրաքանչյուրը շուկայական արժեքներին կարող է ծանոթանալ հերթով»,- հավելեց նա։

Տարոն Չախոյանն անդրադարձավ նաև Եկեղեցու հարցով ՔՊ-ի ստեղծած քննիչ հանձնաժողովին և տեսակետներին, որ այն հակասահմանադրական է։ «Ես մեր ընդդիմադիր գործընկերներին, նաև ձեզ նորից ուզում եմ տեղեկացնել՝ այդ հանձնաժողովը արդեն իսկ ստեղծված է, մենք այստեղ չենք քննարկում՝ ինքը սահմանադրական է, թե հակասահմանադրական: Հակասահմանադրականի հետ կապված մենք որևիցե խնդիր չունենք, հանձնաժողովն արդեն իսկ ստեղծված է»։

Չախոյանն ասաց, որ բացառված չէ՝ Վեհափառին էլ կհրավիրեն հանձնաժողով։ Ըստ նրա՝ բացառված չէ, որ հենց այս շաբաթ էլ այդ հանձնաժողովի առաջին նիստն անցկացնեն: Հարցին, թե հրապարակայի՞ն են լինելու նիստերը, նա պատասխանեց․ «Չեմ բացառում, որ այո, հրապարակային կլինեն, և հետևելու հնարավորություն կունենաք»։

Հարցին, որ Ազգային ժողովը քաղաքական մարմին է, քաղաքական մարմինն ինչպե՞ս է միջամտում սահմանադրորեն անջատ Եկեղեցու հարցերին, այսինքն՝ հարցը Ազգային ժողով են բերել՝ դրան քաղաքական հնչեղություն հաղորդելու նպատակով, դա ակնհայտ է, Չախոյանը պատասխանեց․ «Ամենևին ոչ։ Տեսեք, հարցը Ազգային ժողով բերելու և քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակն ինչո՞ւմն է կայանում. օրենսդրական ճանապարհով փորձել գտնել օրենքով սահմանված լուծումներ»։

Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցին՝ Չախոյանն ասաց․ «Եկեք մի պարզ բան հասկանանք՝ 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին խոսույթը ո՞վ է բացել, ո՞ր կողմն է բացել՝ ռուսական կողմը: Հայտարարել են՝ ի՞նչ, ասել են՝ եթե Երևանը ուզում է, պաշտոնական Երևանը, եթե ուզում է, կարող ենք 102-րդ ռազմաբազան դուրս բերել Հայաստանի Հանրապետության տարածքից: Շատ լավ, հիմա, եթե իրենք ուզում են, որպեսզի 102-րդ ռազմաբազան շարունակի մնալ Գյումրիում, եկեք ուրեմն քննարկենք այն պայմանները, որոնցով պետք է շարունակի մնալ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որպես այդպիսին, որևէ հայտարարություն չի արել այդ ռազմաբազան դուրս բերելու մասին, դա արել է ռուսական կողմը: Իսկ եթե իրենք ուզում են, որպեսզի այդ ռազմաբազան շարունակի մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, շատ լավ, ուրեմն կվերանայենք պայմանները: Բոլոր այն պայմանները, որոնցով պայմանավորված տեղակայված է այդ բազան, հիմա պետք է վերանայվեն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment