Լեհաստանը կոչ է անում Եվրոպային փակել Ռուսաստանի հյուպատոսությունները և սահմանափակել դիվանագետների

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին եվրոպական երկրներին կոչ է արել փակել իրենց տարածքում գործող ռուսական հյուպատոսությունները՝ որպես պատասխան Մոսկվայի կողմից իրականացվող ենթադրյալ «հիբրիդային հարձակումների»։ Financial Times պարբերականին տված հարցազրույցում լեհական դիվանագիտության ղեկավարը ներկայացրել է մի շարք կոշտ նախաձեռնություններ, որոնք ուղղված են Եվրոպայում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայության էական կրճատմանը։

Բացի հյուպատոսական հիմնարկների փակումից, Սիկորսկին եվրոպական դաշնակիցներին առաջարկել է սահմանափակել ռուս դիվանագետների ազատ տեղաշարժը ընդունող երկրների տարածքում, ինչպես նաև կրճատել ՌԴ դեսպանատների և հյուպատոսությունների աշխատակիցների ընդհանուր թվաքանակը՝ հիմք ընդունելով Լեհաստանի փորձը։ Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել նաև Եվրոմիություն մուտք գործող ՌԴ բոլոր քաղաքացիների համար կենսաչափական անձնագրերի պարտադիր պահանջ սահմանելու օգտին և աջակցել է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման հետագա սահմանափակմանը։

Այս հայտարարություններին արձագանքել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ նշելով, թե ՆԱՏՕ-ի երկրների դեմ ռուսական «հիբրիդային հարձակումների» մասին պնդումները սեփական մեղքն այլոց վրա բարդելու փորձեր են։ Ռուսական դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի պնդմամբ՝ հենց Արևմուտքն է հիբրիդային պատերազմ վարում Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ տնտեսական ճնշումների ու սահմանափակումների կիրառմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment